«Մանթաշյանց» գործարարների միություն
Հիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյան
«Մանթաշյանց» գործարարների միությունը սկսել է գործել 2019 թվականից, այս պահին մոտավորապես 300 անդամ ունի ամբողջ աշխարհում, որից 200-ը՝ Հայաստանում, իսկ 100-ը՝ Կրասնոդարում, Մոսկվայում, Լոս Անջելեսում, շուտով բացվելու են մասնաճյուղեր Դուբայում, Աթենքում, Բեռլինում, Լոնդոնում: Մեր դրսի գործարարները հիմնականում ռուսական շուկայում են իրենց ավելի լավ զգում, քան եվրոպական: Մերոնք ավելի թույլ են գլոբալ առումով և մենք ցանկանում ենք, որ մասնաճյուղեր բացվեն, և մարդիկ միմյանց հետ համագործակցելով աշխատեն:
Միության հիմնական խնդիրը միջին և մեծ բիզնեսի համար հարթակ ստեղծելն է: Միությանը անդամակցելու համար գործարարը պետք է ունենա մոտ 350 հազար դոլար շրջանառություն և ունենա երաշխավոր:
Մեր նպատակն է, որ աշխարհի տարբեր կետերի հայ գործարարները կարողանան համագործակցել և ավելի արդյունավետ աշխատեն: Ամենօրյա ռեժիմով լուծվում են գործարարների խնդիրներ՝ հարկայինի անարդար վերաբերմունքից սկսած մինչև նոր գործընկերներ գտնելը, կես միլիոն, մեկ միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվել: Մեր անդամները նաև «50 Cent»-ի Հայաստան գալու ծրագրին են մասնակցություն ունեցել, ինչը արդյունավետ է եղել, քանի որ Հայաստանը միջագային հարթակներում հնչեցվել է, բավականին զբոսաշրջիկներ են եկել և համաշխարհային աստղեր բերելու միտումը շարունակվում է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Մանթաշյանցի» անդամ է եղել, որքան անձնական հարաբերությունները կարող են կաշկանդող լինել քննադատությունների համար
Մեր միությունը քաղաքականությունով չի զբաղվում: Նախարարի հետ արդյունավետ համագործակցել ենք, այլ պետական կառույցների հետ ևս: Ամիսը մեկ մեր անդամները հանդիպում են նախարարի հետ, շատ հարցեր լուծում են գտնում, շատ հարցեր չեն գտնում, դա աշխատանքային պրոցես է:

Լրագրողից մինչ բանան ներկրող, այնուհետև Գործարարների միության նախագահ
Դա այնքան էլ կտրուկ չեղավ, տարիներ տևեց, սկզբում մարկետոլոգ, հետո անցում եղավ Գործարարների միություն, ու դա տևեց տասը տարի: Անձամբ այն, ինչին հասա լրագրության ոլորտում, զգացի, որ դա իմը չի և ինձ չի բավարարում, և դրա համար ոլորտը փոխեցի:
Բանանի բիզնեսը ստացվեց, մոտավորապես հինգ տարի աշխատեցի, պարզապես ցանկացած բիզնեսում լինում են շրջաններ, որ գալիս է անկում: Մեզ մոտ անկումը սկսվեց կորոնայի տարածումով և ավարտվեց պատերազմով: Մի երկու այդպիսի ընկերություններ սնանկացան:

Գործարարների, ներդրողների խնդիրները
Ներդրումների համար երկու խնդիր կա. առաջին խնդիրն այն է, որ քիչ են նախագծերը, որտեղ կարելի է ներդրումներ անել, նախագիծ չկա, եթե ինչ-որ մեկը հիսուն միլիոն դոլարով ասի ուզում է ներդրում անել, որևէ մեկը Հայաստանում չի կարող պրոյեկտ ցույց տալ, որտեղ կարող է 50 միլիոն դոլար ներդնել:
Ներդրումների երկրորդ խնդիրը պետական համակարգի վերաբերմունքն է ներդրողի նկատմամբ: Գլոբալ առումով ներդրողին վատ են վերաբերվում, շատ վատ ձևով են դիմավորում, և ներդրողը հեռանում է, մի փոքր չինովնիկն իրեն կարող թագավոր զգալ:

Որտեղից են գալիս «հարուստ մարդ» ասվածի հետ կեպված կարծրատիպերը, և ինչն է փոխվել։
Սովետական Միությունում հարուստ մարդը սպեկուլյանտն էր, այսինքն՝ նեգատիվ վերաբերմունք կար, Սովետական Միության փլուզումից հետո հարուստ մարդիկ եղան, որոնք կոռուպցիոն կապեր ունեին իշխանությունների հետ, ազդեցություններ ունեին, կարողացան պաշտոններ զբաղեցնել և գումար կուտակել, այսինքն՝ արդար քրտինքով, ճանապարհով գումար վաստակողներն ավելի քիչ էին, դրա համար այդ ամենի արդյունքում ստերեոտիպ ձևավորվեց գործարարի կերպարի նկատմամբ, որ եթե մարդը լավ մեքենա է վարում, լավ է ապրում՝ նշանակում է ինքը թալանել է: Այդ ստերեոտիպն ամրապնդում են մեր հեռուստատեսությունը, սերիալները, բայց նրանք արդեն արդիական չեն, այդ միտումն աստիճանաբար փոխվեց, և 2010 թվականից ավելի արագացավ, առավելևս 2018 թվականից հետո: Մեր խնդիրն է ցույց տալ նաև, որ մարդիկ ազնիվ են աշխատում:
Կա՞ն հայտնի «օլիգարխներ» ձեր ակումբում
Իրականում նրանց նկատմամբ անհետաքրքրությունը երկկողմանի է, մենք չափանիշներ ունենք, որ եթե նախկինում մարդ սկանդալային պատմությունների մեջ է եղել և կոռուպցիոն, քաղաքական կամ պաշտոնի արդյունքում է կուտակել իր հարստությունը, այդպիսի մարդկանց չենք ընդունում մեզ մոտ:

Պատերազմի, սահմանի լարվածության ազդեցությունը գործարարների վրա
Այս ընթացքում եղան միջազգային ներդրողներ, որոնք հրաժարվեցին իրենց ծրագրերից. երկրի անվտանգային ռիսկը մեծ ազդեցություն է ունենում: Ներդրող կար, որը Ջերմուկում 10 միլիոն դոլարով հյուրանոց էր ցանկանում գնել, իսկ հիմա այլևս չի ուզում, հիմա այդ արժեքը դարձավ 0, Երևանոււմ էլ եղան ներդրողներ, որոնք չեղյալ համարեցին իրենց ներդրումները: Քրիստինե Ագիլերայի համերգն էլ, որն էլի մեր ակումբականներից մեկն էր կազմակերպել, էլի հետաձգվեց, այդ համերգին նախատեսվում էր մոտ հինգ հազար հոգու այց: Այդ բացասական ազդեցությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը ի վրիճակի չէ իր անվտանգությունը ապահովել: Ամեն դեպքում մեր գործարարների մեծամասնությունը չի մտածում երկրից հեռանալու մասին, ակտիվ, մոտիվացված պոզիտիվ մարդիկ են:
Հայաստանում շահավետ բիզնես-ոլորտները
Առաջինը դա IT-ն է, երկրորդը գյուղատնտեսությունը, բայց ոչ թե գյուղացու համար, որ մեկ հեկտար հող է վարում, այլ գործարարի համար, որը 20 հեկտար ջերմոց է ունենում և անշարժ գույք:
