
Ուկրաինայի հակամարտությունը թեւակոխել է նոր, վտանգավոր փուլ. Այս մասին չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 5-ին, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ուկրաինան անցավ հարձակման, և այդ պահից հակամարտությունը թեւակոխեց վտանգավոր փուլ, քանի որ մենք կանգնած ենք սարսափելի սցենարի հեռանկարի առաջ։ Մենք չպետք է աչք փակենք դրա վրա»,- ասել է նա Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Նրա խոսքով, կա մի սցենար, երբ հակամարտությունը կարող է վերաճել միջուկային զենքի կիրառման՝ «հաշվի առնելով, որ կողմերից մեկը միջուկային տերություն է»։
Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ը պետք է ցույց տա, որ իր աջակցությունն Ուկրաինային չի թուլանում։ Բացի այդ, ԵՄ դիվանագիտության ղեկավարն ակնկալում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթի ընդունումը մինչև շաբաթվա վերջ։
«Մենք նախկինում ներկայացրել ենք պատժամիջոցների նոր փաթեթ։ Մեր մշտական ներկայացուցիչները երեկ երեկոյան ակտիվ աշխատել են և շարունակում են աշխատել։ Հուսով եմ, որ մինչև լիագումար նիստի ավարտը մենք կունենանք Խորհրդի համաձայնություն Եվրահանձնաժողովի առաջարկած նոր փաթեթի վերաբերյալ»,- եզրափակել է նա։