Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Դավիթ Կ-ն իր վարած ԶԻԼ 4331 մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 11 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Կ-ն, ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 38-ամյա Յուրիկ Ն-ն, 15-ամյա Հասան Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզը սպասարկող սպայական դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագողը հայտնում է, որ բախման հետևանքով բեռնատարը թափքից մասամբ կոտրվել և կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ բեռնատարում բարձված խոշոր եղջերավոր անասուններն ընկել են, որոնցից 6-ը սատկել են։ Բարեբախտաբար, թափքում եղած խոշոր եդջերավոր անասունները չեն տուժել։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիկանության տեսուչներ Թադևոս Սուքիասյանն ու Արայիկ Մանուկյանը։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ:  Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Ալեքսանյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են խոշոր եղջերավոր անասունների և սատկած անասունների տիրոջ ինքնությունը։

Դեպքի վայրում վարորդը ոստիկաններին հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից իր համար վթարային իրավիճակ ստեղծելը։ Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը նույնպես պարզում են։ 

4424