Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։   Ժամը 16․45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 21-ամյա Վահագն Պողոսյանը իր վարած KIA մակնիշի ավտոմեքենայով Հյուսիս-հարավ նոր կառուցված ճանապարհի՝ Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս տանող հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից՝ հրաժարվելով հիվանդանոցում մնալուց։   Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի երկրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։  

Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Հայկ Հովհաննիսյանն ու Թաթուլ Մելյանը։   Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։   Վթարի փաստով Գեղամ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության․ նա եղել է սթափ։   Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։ 

771