
Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները «Կովկասյան արծիվ-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում ցուցադրական զորավարժություններ են անցկացրել Վազիանի պոլիգոնում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նման զորավարժությունները նպաստում են երկրների հատուկ գործողությունների ուժերի համատեղելիության բարձրացմանը և փորձի փոխանակմանը, ինչը կարևոր է մեր տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնին»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Վրաստանի հատուկ գործողությունների ուժերի ղեկավարի տեղակալ Գիորգի Շերազադիշվիլիի խոսքերը։
Երեք երկրների զինվորականները պարաշյուտով թռիչքներ են իրականացրել Ան-2 ուսումնական ինքնաթիռով, կատարել օդային մատակարարման օպերացիա, զրահատեխնիկայով գրոհել օբյեկտը և ցուցադրական վարժանքների ընթացքում շենք գրավել։
Հոկտեմբերի 11-ից Վրաստանում անցկացվում է «Կովկասյան արծիվ - 2022»-ը։ Զորավարժություններն անցկացվում են տարեկան երեք երկրներում ռոտացիոն սկզբունքով։ Անցյալ տարի դրանք անցկացվել են Թուրքիայում։