2022 թվականի հոկտեմբերի 12-ին Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշման փոփոխության մասին Հայաստանի խնդրանքի վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի և ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

Գրառման մեջ նաև ասված է․

«2022 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ դատարանը վերահաստատեց, որ «իրավիճակը, որը գոյություն ուներ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման արձակման ժամանակ, շարունակվում է», և որ Ադրբեջանի կողմից գերեվարված էթնիկ հայերը շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև։

Համապատասխանաբար, դատարանը նաև հաստատեց, որ իր 2021 թվականի դեկտեմբերի 7-ի հրամանը պարտավորեցնում է Ադրբեջանին պաշտպանել «ցանկացած անձի, ով գերեվարվել է կամ կարող է գերեվարման ենթարկվել ցանկացած ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հանդիսանում են 2020 թվականի հակամարտության վերսկսված բռնկում»:

Այսպիսով, Ադրբեջանը պարտավորված է պաշտպանել բոլոր հայերին, որոնք գերեվարվել են 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման, այնպես էլ ապագայում ցանկացած հնարավոր առնչվող հակամարտության ժամանակ:

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել դատարանի որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ։

Հայաստանը նաև նշում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն դատարանի երկու որոշումների»։

1120