Armtimes.com-ը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ընթացող քննարկումների մասին։

«44-օրյա պատերազմից հետո, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն, տարածաշրջանում պետք է տեղի ունենար բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակում։ 

Սակայն դեռևս ամիսներ առաջ ՀՀ կառավարության՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու մասին առաջարկին Ադրբեջանը դեռ չի արձագանքել, փոխարենն անգամ պաշտոնական հայտարարություններում շեշտում են, այսպես կոչված, միջանցքի մասին: Եվ սա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դրա մասին խոսք անգամ չկա, ընդհակառակը՝ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին։

Իսկ ինչո՞ւ հենց միջանցք, այլ ոչ թե ճանապարհ։ Ինչո՞ւ հենց Հայաստանի տարածքով, և ովքե՞ր են միջանցքի հիմնական շահառուները։

ՀՀ սուվերեն տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մեկը Ադրբեջանն է։

Միջանցքն Ադրբեջանին թույլ կտա՝

- առավել ձեռնտու պայմաններով բեռնափոխադրումներ կատարել Ադրբեջան-Նախիջևան-Թուրքիա երթուղով

- վերահսկողություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների նկատմամբ

- որպես զգայուն թեմա օգտագործել՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակը և հասարակական տրամադրությունները սրելու համար

- Ադրբեջանը ոչ քողարկված նկրտումներ ունի նաև Սյունիքի նկատմամբ, միջանցքը առաջին քայլն է՝ հետագայում այդ տարածքներում ադրբեջանցիների վերադարձի համար լեգիտիմ հենք ստեղծելու համար։

ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում բեռնափոխադրումները վերահսկելու է ՀՀ-ն, իսկ փոխադրումների համար որպես տարանցիկ գոտի Ադրբեջանը ստիպված է լինելու հարկեր վճարել Հայաստանին, ինչը Ադրբեջանի համար ոչ մի կերպ ընդունելի չէ։ Քանի որ Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ հրաժարվել էր անգամ օգտվել Հայաստանի օդային տարածքից, և միայն այն պատճառով, որ ստիպված չլինի հարկեր վճարել։ Տնտեսապես զարգացած Հայաստան Ադրբեջանին պետք չէ։

Ճանապարհ ու երկաթուղի Ադրբեջանն Իրանի տարածքով էլ կարող է ստանալ, սակայն Իրանը երբեք միջանցք չի տա Ադրբեջանին, Հայաստանն էլ չի տա, բայց Ադրբեջանը փորձում է Հայաստանից ուժով ստանալ միջանցքը, ինչը շատ ավելի քիչ հավանական է, որ Իրանի դեպքում հաջողվի։

ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից մյուսը Թուրքիան է։

Միջանցքը Թուրքիային թույլ կտա՝

- Թուրքական աշխարհի հետ անխոչընդոտ կապի ապահովում

- Իրանի՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր գազատարի հեռանկարի ճանապարհի փակում

ՀՀ սուվերեն տարածքով ճանապարհի դեպքում ինչպես և ադրբեջանական, այնպես էլ թուրքական բեռնափոխադրումները վերահսկելու է Հայաստանը, ստիպված են լինելու հարկեր վճարել ՀՀ-ին, արդյունքում Հայաստանը կունենա էլ ավելի զարգացած տնտեսություն, ու կկարևորվի Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում։ Իսկ այս ամենը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար, մեղմ ասած, ցանկալի չէ։

ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից է նաև Ռուսաստանը։

Միջանցքը Ռուսաստանին թույլ կտա՝

- ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ

- ազդեցություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների վրա

- հավելյալ լծակներ ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք-արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։

Ուկրաինայի դեմ սկսած հատուկ օպերացիայից հետո՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ու ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցներից հետո, ՌԴ-ն փորձում է թե արտահանման և թե ներկրման համար շուկա գտնել։ Այս պարագայում Արևմուտքի ու Ռուսաստանի հետ երկու լարի վրա խաղացող Թուրքիան իդեալական տարբերակ է, մնում է ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ։ Այս համատեքստում տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի դերն ավելի է մեծացել, և հիմա Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է դառնալ Արևմուտք գազի և նավթի արտահանման հարթակ։

Որքան ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել ՌԴ-ի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու՝ Ռուսաստանի նկրտումները, փաստերն այլ բան է վկայվում։ Նախ, ՌԴ ու ՀԱՊԿ անգործությունը Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին, Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, ՌԴ դաշնակից Ադրբեջանի զորքի ագրեսիվությունը ՀՀ սահմանին։

Ի դեպ, թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանը կողմ են, որ ՀՀ տարածքով միջանցքը լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ 

ՀՀ տարածքով Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի։ 

Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։

Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն»։

1075