«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր ելույթում խոսել է կուսակցաշինական աշխատանքներից՝ ներկայացնելով ձեռքբերումներն ու բացթողումները։

Ըստ Պապիկյանի՝ կուսակցաշինության աշխատանքները տուժել են քովիդի, 44–օրյա պատերազմի պատճառով․ «Մենք երկու անգամ խնդիր ենք դրել սկսել ՔՊ անդամ դառնալու հավակնորդների քննման, ֆիլտրման աշխատանքները։ Ինչո՞ւ ֆիլտրման, որովհետև հետհեղափոխական շրջանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ դիմել էին կուսակցական անդամ դառնալու։ 2019թ․ փետրվարին կուսակցության չորրորդ համաժողովում որոշում ընդունվեց չշտապել, ավելին՝ խնդիրը դիտարկել մանրակրկիտ, երբեմն նաև հապաղել, որ հասկանանք՝ ովքեր են մեր իրական գաղափարակիցները, իրական կուսակից ընկերները»։

Պապիկյանի խոսքով, 2019թ․ հունիսին՝ կուսակցության 5-րդ համաժողովին կուսակցականների թիվը 2500 քաղաքացի էր․ «Այսօր մեր վարչության վերջին շրջանի ակտիվ ու հետևողական աշխատանքի արդյունքում մեր շարքերը համալրել են նորանոր ընկերներ, այս պահին այդ թիվը 5390 է»։ 

Նա նշեց, թե ՔՊ վարչության ուսերին երկիրը կառավարելու և առաջնորդելու մեծագույն պատգամ է դրված․ «Ես կարծում եմ, որ մեր գործընկերներն ունեն բավարար իմաստնություն՝ քվեախցում գտնվելիս կատարել ճիշտ ընտրություն»։

Նա շնորհակալություն հայտնեց կուսակցական ընկերներին՝ համատեղ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ էր գլխավորել կոսւակցությունը։

Նա նշել է, որ որպես կուսակցության վարչության նախագահ, ինքը վարչության հիմնական պատասխանատուն է․ «Բոլոր այն թերացումները և ձեռբերումները նույնպես իմ թերացումներն ու ձեռքբերումներն են, և բնականաբար, համաժողովն է, որ պետք է գնահատական տա յուրաքանչյուրիս գործունեությանը»։

1278