Հոկտեմբերի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։35-ի սահմաններում Արևիկ-Եղեգնուտ գյուղամիջյան ճանապարհի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes G500 և Kia մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, Kia-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել բնակչի հողամասում։ Վթարի հետևանքով մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել գյուղի բնակիչները և օպերատիվորեն ժամանած «Մեծամոր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև «Արմավիր» ԲԿ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։