

Առողջապահության առաջնային օղակում աշխատավարձերի շոշափելի բարձրացում է նախատեսվում: Այսօր Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ մենք բժշկի դիմում ենք այն ժամանակ, երբ հնարավոր չէ դիմել, իսկ շատ դեպքերում, մարդիկ, սոցիալական դժվարություններից ելնելով, անորոշ ժամանակով հետաձգում են բժշկին դիմելը: Նա հայտնեց, որ հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր զինվորների ընտանիքի անդամները պետպատվերից օգտվում են առանց հերթի:
«2023 թվականի հունվարի մեկից միայն հավաստագրված բուժաշխատողները կկարողանան աշխատել առողջապահական համակարգում, սա կրկին ՀՀ կառավարության ստանդարտներ սահմանելու քաղաքականության շատ կարևոր դրսևորում է: Բոլոր ոլորտներում ունենալ ստանդարտներ՝ դա զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեցող հանգամանք է, և այս քաղաքականությունը շարունակելու ենք բոլոր հնարավոր ոլորտներում»,- ասաց նա:
Անդրադառնալով ծխախոտի դեմ պայքարին՝ նա նշեց. «Պետք է ցավով արձանագրեմ, և եթե որևէ մեկը մտածում է, որ ես դրա մասին չգիտեմ, ես դրա մասին գիտեմ, որ սրճարաններում ծխելու արգելքը բավարար ձևով և բավարար չափով չի գործում, և ոստիկանության առաջ խնդիր եմ դրել, որ այդ հարցում լինենք հետևողական»,- ասաց նա:
Վարչապետը հայտնեց, որ առաջիկայում կամավոր ատեստավորման համակարգ կսկսի գործարկվել Ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, Պետական պահպանության ծառայությունում, որի արդյունքում աշխատավարձերի կրկնապատկման պրոցես տեղի կունենա:
«Պրոցեսը լինելու է կամավոր, նրանք ովքեր իրենց պատրաստ են զգում, 2023 թվականից կանցնեն այդ ատեստավորումը, կշարունակեն աշխատել նախկին աշխատավարձերով, բայց դա անվերջ չի լինի, գուցե երեք տարի ժամկետ կսահմանվի և երեք տարվա արդյունքներով, ինչպես հիմա հունվարի մեկից առողջապահության ոլորտում հավաստագրում չունեցողը չի կարող աշխատել, այնպես էլ նույնը տեղի կունենա մյուս ծառայություններում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում քիչ անց: