
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով վթարավտանգ տեղամասի բարելավման աշխատանքներ են կատարվում Մ4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի կմ 69+900 - կմ 71+967 հատվածում՝ Ճամբարակ տանող խաչմերուկից մինչև Ծովագյուղ և «Ծովագյուղ» առևտրի կենտրոն։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:
Վթարները նվազեցնելու նպատակով տեղադրվել են անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից իրականացվող նշված ծրագրի շրջանակում հանրապետության 5 մարզում՝ Շիրակ, Գեղարքունիք, Լոռի, Արագածոտն, Արմավիր, բարելավման աշխատանքներ են տարվում միջպետական և հանրապետական նշանակության 8 ճանապարհների 15 վթարավտանգ տեղամասերում։