Ազգային փոքրամասնության դպրոցներում ծայրահեղ վատ իրավիճակ  է, չունենք ուսուցիչներ, որոնք զբաղվեն լեզվի, մշակույթի, կրթության հարցերով: Այս մասին ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։
 

Նա ահազանգեց. ներկայիս ուսուցիչները մեծացել են, անցել են կենսաթոշակի, իսկ նորերը չկան, քանի որ սովորությունների համաձայն շուտ ամուսնացնում են՝ դեռևս ութերորդ դասարանից, կամ մինչև տասն ավարտելը:

«Երբ մենք քննարկում էինք կրթության մասին օրենքը, ես խնդրեցի, որ այս հարցը ամրագրվի, որ ամեն տարի մեկ կամ երկու երեխա, պետական հոգածության անվճար ուսուցմամբ կամ մրցույթից դուրս արտոնություն ստանան, որ այդ  շարքերը լրացվեն»,- ասաց նա:

Կնյազ Հասանովը մի դեպք պատմեց, երբ վերջերս մի աղջիկ էր դիմել իրեն, որ ութերորդ դասարանը ավարտել է գերազանց, բայց ամուսնացրել են, և հիմա ցանկանում է տասներորդ դասարանը ավարտել, որ կարողանա բուհ ընդունվել ու իրենց գյուղում ուսուցիչ աշխատել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ  Դումանյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները շատ հարգելով, ըմբռնումով մոտենալով՝ չեն կարող ամուսնական հարաբերություններից բխող խնդիրները ներառել ռազմավարության մեջ և բացառություններ անել: Նա նշեց, որ աջակցությունը միշտ էլ եղել է:

«Համայնքները պետք է աջակցություն ցուցաբերեն, մենք պատրաստ ենք, բայց չենք կարող չափանիշները խախտել՝ հիմք ընդունելով ազգային փոքրամասնությունների հետ կապված սպեցեֆիկ յուրահատկությունները»,- ասաց նա:

 

983