Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել  Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Ս. Մանուկյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկի դիմաց Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հովհաննես Գրիգորյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող, Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արման Պետրոսյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի ձախ հետնամասի հատվածին, որից հետո Հ. Գրիգորյանն ու նրա ուղևոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Քոչարյանը իջել են ավտոմեքենայից և վիճաբանության մեջ մտել Ա. Պետրոսյանի, վերջինիս հոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 53-ամյա Աշոտ Պետրոսյանի, եղբոր՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 20-ամյա Ավետիս Պետրոսյանի հետ։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որին, ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, մասնակցել են նաև դեպքի վայր մոտեցած Հ. Գրիգորյանի ազգական՝ Էջմիածին քաղաքի բնակիչ, 34-ամյա Սամվել Բադամյանը, ով եղել է Kia մակնիշի ավտոմեքենայով, որի մեջ են եղել ուղևորներ՝ Էջմիածին քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արթուր Մանուկյանն ու 32-ամյա Իշխան Սաֆարանը։

Վերջիններս, դարձյալ ըստ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, միջամտել են ծեծկռտուքին։ Էջմիածնի ոստիկանությունում ստացված մեկ այլ օպերատիվ տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ Ա. Քոչարյանը Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրած ինքնաձիգով կրակոցներ է արձակել օդ։ 

Ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրում հայտնաբերել Ս. Բադամյանին, Ա. Մանուկյանին, Ի. Սաֆարյանին և Ա. Քոչարյանին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Mercecdes մակնիշի ավտոմեքենան և հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։  

1886