ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց  դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձը ձերբակալվել է:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

944