Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք ճանաչվեց Մեծամոր քաղաքը:

«ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար հայտ էր ներկայացրել երկու քաղաք՝ Ծաղկաձորն ու Մեծամորը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը նշեց, որ համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հայտերի գնահատումն իրականացվել է  մրցութային հանձնաժողովի կողմից։

«Առաջին երկու փուլերն արդեն տեղի են ունեցել։ Հոկտեմբեր ամսին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ: Հայտերի գնահատման վերջին փուլը՝ SMS քվեարկությունը, տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 14-ը. 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել՝ 5009 կարճ համարին հայատառ ուղարկելով իրենց նախընտրելի քաղաքի անունը։ Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական: Ասեմ, որ  մրցույթն իրականացվում է 2014 թվականից»,-ասաց նա:

Զարա Ասլանյանը հիշեցրեց, որ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետ՝ Կապանը (2021) և 2022-ին՝ Հրազդանը։

«Ամենամյա մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը (համայնքային երիտասարդական կենտրոններ/ միջավայրեր, քաղաքացիական հասարակության կառույցներ), խրախուսել նորարարական գաղափարները»,- եզրափակեց նա:

«ՀՀ 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական խմբի անդամ Արմեն Այվազյանը ներկայացրեց, որ  հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կառույցների և ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում:

«Դիտարկվել են տվյալ համայնքների երիտասարդական ծրագրերը, ինչպես նաև՝ մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները»,- ասաց նա:

Նա ընդգծեց, որ երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը համարվում է երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր:

Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Բենիկ Ստեփանյանն ուրախությամբ նշեց, որ Մեծամորը մեծ հեռանկարներ ունեցող համայնք է, և այս հաղթանակը նույնպես  մեծ դրական լիցք կհաղորդի:

«Այսօր Մեծամորում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում: Մենք հավուր պատշաճի կպատրաստվենք և պատվով կկրենք այս պատասխանատու կոչումը»,- ասաց  նա:

342