
Այսօր ՀՀ կառավարությունը հաստատեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը։ Նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, որը նշեց, որ նոր նախարարության ստեղծումը թույլ կտա նաև ապահովել ոստիկանության ոլորտի խորհրդարանական, քաղաքացիական վերահսկողությունը:
«Ներքին գործերի նախարարությունը ներառելու է 3 խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը: Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր»,- ասաց նա:
Նախարարի տեղակալը հայտնեց, որ նախագծով ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ նշանակվելու և ազատվելու են կրկին վարչապետի կողմից:
Գրիգոր Մինասյանն ասաց, որ 4 ամիս ժամկետ է տրվելու դադարեցնելու Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը։ Վարչապետն ասաց, որ այս նախագիծը միայն օպտիմալացման մասին չէ, այլ այս փոփոխության նպատակը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալը և արդյունավետությունը բարձրացնելն է։ Նա նաև նշեց, որ կառուցվածքի լրջագույն փոփոխություններ ևս նախատեսվելու են։
«Ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ, կլինի Անվտանգության խորհրդի անդամ»,-ասաց նա և նշեց, որ ոստիկանության զորքերը կվերակազմակերպվեն որպես ոստիկանության գվարդիա։ Վարչապետը հայտնեց, որ կսկսեն կամավոր ատեստավորման գործընթացը, որի նպատակը կլինի փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատավարձերի կրկնապատկումը։ Նա ավելացրեց, որ նոր ստանդարտի ոստիկանության շենքեր պետք է ունենան և կսկեն Մեղրիից։
Մանրամասները՝ տեսանյութում