ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տալ։

Նոյեմբերի 28-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյտինենին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությանը շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու համապատասխան գործընթացի իրականացման հարցը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացնել հայկական կողմի պատրաստած զեկույցը ԱՄՆ-ից շուկայական տնտեսության կարգավիճակ ստանալու վերաբերյալ և շարունակել բանակցությունները։

Նախարարը նաև հյուրին ներկայացրել է Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման և նոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, նախատեսվող ծրագրերն ու նախաձեռնությունները։

Հարկ է նշել, որ շուկայական տնտեսության կարգավիճակը շատ նշանակալից է արտահանողների համար, քանի որ այն մեծապես բարդացնում է հակադեմփինգային մաքսատուրքերի և նրանց նկատմամբ ցանկացած սահմանափակումների ներդրման հնարավորությունը։

Այս պահին ոչ շուկայական տնտեսությամբ երկրների ամերիկյան ցուցակում կա 12 պետություն. Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Չինաստան, Վրաստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Վիետնամ:

 

1223