Կառավարությունն առաջարկում է  վեց ամիս ժամկետով սիգի ձկնկիթի արտահանման արգելք սահմանել ՀՀ տարածքից: Այս մասին հայտնում է E-draft.am-ում հանրային քննարկման ներկայացված նախագծից:

Նախագծում նշվում է, որ վերջին տարիներին սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը Սևանա լճում:

«Հաշվի առնելով Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի մեկնարկային և պիլոտային լինելու հանգամանքը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում լճի վրա մարդածին մեծ բացասական ազդեցությունն ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքը՝ հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող վայրի ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը կազմակերպելու անհրաժեշտությունից ելնելով սույն իրավական ակտով նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք»,-նշվում է նախագծում:

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից: Արտահանման արգելքն առաջարկվում է տարածել նաև Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման վրա: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել այսօր՝ նոյեմբերի 28-ին:

454