Երեկ՝ նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Էդիկ Զ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում, ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մ․-ին, որից հետո Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայով կրկնակի վրաերթի է ենթարկել Նարեկ Մ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։  Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։  Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։ 

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Վրաերթի փաստով Վ․ Գրիգորյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 342 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Նարեկ Մ․-ն աշխատում է ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպեր լիազոր։ 

 

329