Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով փոփոխություն մտցրեց դեռևս 2010թ.-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում։

Ըստ ստորագրված համաձայնագրի՝ հայկական կողմը պարտավորվել էր ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված այն վտանգավոր ախտածինների նմուշները, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով: Այժմ կողմերը եկել են նոր համաձայնության, ըստ որի, վերացվում է պահանջվող վտանգավոր ախտածինների նմուշները ամերիկյան կողմին փոխանցելու պարտադիր բնույթը՝ այն դարձնելով հայեցողական և վերաբերելի միայն հարուցիչ պարունակող ախտաբանական նյութին։

Այսպիսով, Հայաստանը հրաժարվում է կենսաբանական ախտածինների տվյալները ԱՄՆ֊ին փոխանցելու պարտադիր պայմանից։ Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից և բխում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարության նպատակներից։

899