ԿՀՎ-ի և Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հավատարմության երդում է տվել Ռուսաստանին և ստացել ռուսական անձնագիր։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։

«Այո, ստացել է անձնագիր և երդվել է»,- ասել է փաստաբանը։

Նա մանրամասնել է, որ Սնոուդենի կինը նույնպես դիմում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։

Սնոուդենը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց հետո ասել է, որ կայունությունը դրականորեն կազդի իր ընտանիքի կյանքի վրա, ինչպես նաև խնդրել է հարգել անձնական կյանքը։

2013 թվականին Սնոուդենը, լինելով Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության աշխատակից, The Guardian և The Washington Post թերթերին գաղտնի տեղեկատվություն է տվել՝ կապված ամբողջ աշխարհի քաղաքացիների տեղեկատվական հաղորդակցության ամերիկյան հետախուզական գործակալությունների հսկողության հետ: Նա փախել է Հոնկոնգ, իսկ հետո հայտնվելով Շերեմետևոյի տարանցիկ գոտում՝ ստացել քաղաքական ապաստան։ Այնուհետև նրան տվել են ժամանակավոր կացության թույլտվություն, իսկ հետո՝ անժամկետ։ Սնոուդենի խոսքով՝ նա ապաստան է խնդրել 27 երկրներում, սակայն Ռուսաստանից բացի, բոլորը մերժել են իրեն՝ վախենալով ԱՄՆ-ի պատժամիջոցներից։

396