Հայաստանից և Իսրայելից թառափի ներկրման աճը Ռուսաստանի Դաշնությունում սև խավիարի և թառափ ձկան գների անկման պատճառներից մեկն էր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Կասպրիբա» ձկնորսության և ձկնաբուծական ձեռնարկությունների միության ղեկավար Անդրեյ Մարկինին։

«Սև խավիարի և թառափի գների նվազում է նկատվում ինչպես Աստրախանի մարզում, այնպես էլ ամբողջ Ռուսաստանում, դա պայմանավորված է Հայաստանից և Իսրայելից Ռուսաստան թառափի ներկրման տեսակարար կշռի ավելացմամբ և սպառողների ընդհանուր նվազմամբ»,- ասել է նա։

Ըստ Մարկինի կանխատեսումների՝ Ամանորի գիշերը Աստրախանի մարզում սեւ խավիարի և թառափ տեսակի ձկների արժեքի էական աճ չի կանխատեսվում։ «Տեղական ձկնառուները պահպանում են ձկնամթերքի գները, այդ թվում՝ ամանորյա սեղանի ավանդական ապրանքները»,- ասել է Մարկինը։

Ինչպես նշել է փորձագետը, այժմ սև խավիարի գների միջակայքը տատանվում է 25 հազարից մինչև 40 հազար ռուբլի մեկ կիլոգրամ պատրաստի արտադրանքի համար, միաժամանակ հնարավոր է թանկացում՝ կախված խավիարի որակից և բազմաթիվ այլ գործոնների առկայությունից։ Թառափի ձկան մեկ կիլոգրամի գները տատանվում են 1 հազարից մինչև 2,5 հազար ռուբլի՝ կախված դրա տեսակից (թառափ, բելուգա, ստերլետ և այլն) և կտրման եղանակից, ինչպես նաև որակական այլ բնութագրերից։ Տվյալ դեպքում, նախորդ տարվա նախաամանորյա ժամանակահատվածի համեմատ, ցածր գնային սահմանաչափի նվազումը կազմել է 200 ռուբլի։

Ձկնարդյունաբերությունը Աստրախանի շրջանի տնտեսության առանցքային ճյուղերից է, որտեղ աշխատում է շուրջ 230 ձեռնարկություն։

626