Ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպման մեկնաբան Արմեն Գարամյանը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում կիսվել է տպավորություններով և առանձնացրել լավագույն ֆուտբոլիստին.

«Շատ լավ տպավորություններ ունեմ: Երևի, մունդիալների պատմության լավագույն եզրափակիչն էր՝ դրամատուրգիայի առումով: Ես շատ եմ ասել, որ ամենաճիշտը ստադիոնից մեկնաբանելն է՝ կապ չունի՝ դա կլինի Հայաստանի առաջնություն, Չեմպիոնների լիգա, թե աշխարհի առաջնություն: Շատ հաճելի է, որ եզրափակիչ հատվածի խաղերը նաև ինձ վստահվեց մեկնաբանել: Փորձեցի անել առավելագույնը, որովհետև աշխատում էի կրկնակի-եռակի մոտիվացիայով: Կար մի շատ մեծ մոտիվացիա, որի համար պատրաստ էի ամեն ինչ անել՝ լավագույնս ներկայանալու համար, և այդ մոտիվացիան կապ չուներ ֆուտբոլի հետ»:

Ըստ Արմենի՝ երկու թիմերն էլ արժանի էին հաղթանակի․ «Արժանի էր Արգենտինան հաղթանակի, բայց Ֆրանսիան ևս գերազանց տպավորություն թողեց: 2 անգամ վերադարձավ խաղ. ընդ որում, առաջինը՝ 0-2-ից հետո: Ընդհանրապես, արժանի հավաքականներ էին հանդիպում իրար: Մեսսի կամ Ռոնալդու. այս խաղացողներից մեկը, ի վերջո, պետք է դառնար աշխարհի չեմպիոն. այդպես արդար է: Արեց դա Մեսսին»։

Գարամյանը տպավորված է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալիստերով․ «Շատ են խաղացողները, որոնց կարելի է առանձնացնել: Չեմ ուզում տալ Մեսսիի, Մբապեի կամ Մոդրիչի անունը: Կառանձնացնեմ Ալեքսիս Մակ Ալիստերին: Շատ հասուն ֆուտբոլիստի տպավորություն թողեց ու նրա դերակատարությունը հավաքականում շատ մեծ էր»։ 

Ի դեպ, Արմենին պարզապես երազ էր թվում աշխարհի առաջնության խաղերը մեկնաբանելը, այնուհետև այդ երազը վերածվեց երազանքի, և այսօր այն իրականություն դարձավ։ Ինչպես ասում է Արմենը․ «Հավատացեք ձեր երազանքներին, դրանք անպայման մի օր իրականանում են»։ 

Թագուհի Մանուկյան

 

14789