Պորտուգալիայի Կանաչների կուսակցությունը կոչ է արել դադարեցնել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին կուսակցությունը հայտնել է Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանին ուղղված նամակում:

Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ Ղարաբաղյան պատերազմի մեկնարկից ի վեր Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում Պորտուգալիայի քաղաքական եւ հասարակական շրջանակներում ղարաբաղյան ընթացող պատերազմը օբյեկտիվ կերպով լուսաբանելու եւ, ընդհանրապես, հակամարտության պատմությունը, Արցախի բնակչության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ:

Միության նախագահ Վահե Մխիթարյանը սահմանին տիրող իրավիճակը ներկայացնող պաշտոնական նամակներ է ուղարկել Եվրոպական միությունում Պորտուգալիայի ներկայացուցչությանը, Պորտուգալիայի խորհրդարանում ներգրավված քաղաքական կուսակցություններին: Սույն նամակներին արդեն արձագանքել է Պորտուգալիայի խորհրդարանի ամենաազդեցիկ խմբակցություններից մեկը: Պատասխան նամակում մասնավորապես նշվում է.

 

«Հարգելի պարոն Վահե Մխիթարյան, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ, ցանկանում եմ հաստատել Պորտուգալիայի խորհրդարանում Կանաչների խմբակցության տնօրենին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված բախումների վերաբերյալ Ձեր ուղարկած նամակների ստացումը: Այդ հաղորդակցությունները արժանացել են նրա հատուկ ուշադրությանը, եւ սույն նամակով Կանաչների խմբակցությունն արտահայտում է մեր համերաշխությունն ու մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կանաչների կուսակցությունը՝ որպես խաղաղության կուսակցություն, մերժում է պատերազմը, զենքի եւ բռնության օգտագործումը խրախուսող քաղաքականությունը:

 

«Կանաչները» իրենց խորը մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի միջսահմանային վեճերում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածության աճի կապակցությամբ: Կանաչները պնդում են, որ հակամարտության հետագա ճանապարհը պետք է լինի հակամարտության խաղաղ կարգավորումը եւ առանց այլ ուժերի միջամտության, որոնք, ի վերջո, կարող են ներգրավվել հայտնի աշխարհառազմավարական հետաքրքրությամբ եւ տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների եւ երթուղիների վերահսկմամբ:

 

Այսպիսով, Կանաչների կուսակցությունը հանդես է գալիս հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման, հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնման եւ երկու երկրներում խաղաղ ուժերի մոբիլիզացման կոչով՝ առավել կործանարար սցենարը կանխելու համար, քանի որ սա է միակ ճանապարհը՝ պաշտպանել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդի շահերը»,- ասված է հրապարակման մեջ:

 

armenpress.am

866