
Երիտասարդ սոցիալիստների միջազգային միությունը (IUSY) հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․
▪️ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի այսպես կոչված՝ բնապահպանները փակել են Արցախը (Լեռնային Ղարաբաղը) արտաքին աշխարհի հետ կապող միակ մայրուղին, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք։ Այս «ցուցարարներից» շատերը ճանաչվել են որպես ադրբեջանական զինվորականներ և կառավարության անդամներ՝ ներկայանալով որպես քաղաքացիական անձինք:
▪️ Լաչինի միջանցքը ծառայում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող կենսական ճանապարհ և Արցախին առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու միակ միջոց։ Ավելին, դեկտեմբերի 13-ից Ադրբեջանը դադարեցրեց գազ մատակարարել Արցախ (Լեռնային Ղարաբաղ) ցրտաշունչ ձմռան շրջանում։
▪️ Ադրբեջանական շրջափակումը հանգեցրել է հումանիտար աղետի՝ դադարեցնելով սննդի և դեղորայքի մատակարարումը տարածաշրջանին, ինչպես նաև խիստ անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը բազմիցս խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, մասնավորապես՝ միջանցքի երկայնքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու իր պարտավորությունը։ Այս գործողություններն անխուսափելիորեն կհանգեցնեն լուրջ մարդասիրական հետեւանքների և կխաթարեն տարածաշրջանում փխրուն խաղաղությունը։
▪️ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները բնիկ հայ բնակչությունից Արցախի էթնիկ մաքրման քաղաքականություն են վարում՝ օգտագործելով տարբեր մեթոդներ, այդ թվում՝ ռազմական սադրանքներ և հոգեբանական տեռոր։ Ներկայիս սադրանքը այս քաղաքականության բացահայտ դրսեւորումն է։
▪️ Քաղաքացիների դեմ ուղղված այս գործողություններն ընդգծում են բնիկ հայ բնակչության ծանր վիճակը՝ իրենց հայրենիքում մարդու հիմնական իրավունքների և ինքնորոշման պաշտպանության առումով:
▪️ IUSY-ն խստորեն դատապարտում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հռչակագրի խախտումը։
▪️ IUSY-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։
▪️ IUSY-ն միջազգային հանրությանը և իր միջազգային գործընկերներին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի շրջափակումն անհապաղ և անվերապահորեն դադարեցնելու և ապագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
▪️ IUSY-ն աջակցում և ճանաչում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը:
▪️ IUSY-ն կոչ է անում Արցախի միջազգային ճանաչումը (Լեռնային Ղարաբաղ)՝ ապահովելու Արցախի բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքները՝ էթնիկ զտումներին վերջ տալու նպատակով։