Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 93 շենքի 43 բնակարանում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Ոստիկանները նշված բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 74-ամյա Լյուբով Վ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի տարբեր մասերին կան հարվածների հետքեր, ինչը ենթադրում է, որ նա ծեծի է ենթարկվել։ 

Դեպքի փաստով, սպանություն հատկանիշներով՝ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Գիտենք, որ սպանություն է տեղի ունեցել։ Ու լսել ենք, որ ոստիկանները, ոնց որ թե՝ ենթադրյալ կատարողին կամ կատարողներին հայտնաբերել են ու տարել Հրազդանի ոստիկանություն։ Ու վստահ ենք՝ զարհուրելի սպանությունը կբացահայտվի, ու մենք էլ կիմանանք, թե ով կամ ովքեր ու ինչի համար են ծեծելով մահվան դուռը հասցրել 74-ամյա կնոջը»։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

 

1450