«Լաչինի միջանցքի շուրջ սրացումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը»,- այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 

«Անշուշտ, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրացման միջադեպերը չեն կարող չբարդացնել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում «հողի վրա» իրավիճակը կարգավորելու համար։ Ակնկալում ենք հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի շուտափույթ վերականգնում»,- նշել է փոխնախարարը։

«Կարծում ենք, որ տվյալ դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։ Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»,- հավելել Է դիվանագետը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին՝ համաձայն հոկտեմբերի 31-ին Սոչիում ստորագրված  Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության:

522