Հայաստանում արդեն 5 բժշկական հաստատություն անպտղության հաղթահարման ընդլայնված ծրագրի շրջանակում պատրաստ է ընդունել շահառուներին, ծրագրով լույս աշխարհ եկած երեխաների թիվը տարեցտարի ավելանում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության անպտղության հաղթահարման պետական ծրագրում նոր փոփոխությունների մասին մանրամասներ ներկայացրեց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

«Ծրագրում ներառվել են  մինչև 36 տարեկան 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ բոլոր կանայք՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակավայրից: Նախկինում սա վերաբերում էր միայն սահմանամերձ շրջաններում բնակվողներին, զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, սոցանապահովներին և հաշմանդամություն ունեցող կանանց: Այս բոլոր խմբերը վերացել են»,-ասաց նա՝ հավելելով, որ այսպիսով մինչև 36 տարեկան անզավակ, առաջնային անպտղություն ունեցող բոլոր կանայք կարող են օգտվել ծրագրից:

Այս խմբի համար սահմանվել է ամբողջական փաթեթ՝ անպտղության պատճառագիտության որոշում և բուժում, մինչև արհեստական սերմնավորումը և բեղմնավորումն իրականացվող պարտադիր հետազոտությունները, ներարգանդային սերմնավորման փորձերը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը՝ 100 տոկոս ֆինանսավորմամբ և երկրորդ փորձը՝ պետության 50 տոկոս մասնակցությամբ:

Սահմանվել է նաև երկրորդ խումբ՝ 36-42 տարեկան կանանց համար: Նրանց համար փաթեթը ներառում է միայն սերմնավորման փորձերը: Առաջին անգամ որպես ծրագրի շահառու են ներառվել նաև երկրորդային անպտղություն ունեցող զույգերը՝ 20-36 տարեկան սահմանամերձ բնակավայրերի այն բնակիչները, որոնք ունեն 1 երեխա: Ծրագրով նրանց հնարավորություն է տրվում ունենալ երկրորդ երեխա: Նրանց տրամադրվող փաթեթը ներառում է անպտղության պատճառագիտության որոշումը, ներարգանդային սերմնավորումը և արտամարմնային բեղմնավորման մեկ փորձը:Այս դեպքում, այսինքն, հետազոտություններն անվճար չեն:

Փաշայանն ընդգծեց՝ ծրագրի շահառու դառնալու համար նախարարություն դիմելու կարիք չկա: Շահառուն նախ պետք է ընտրի ցանկալի կլինիկան, դիմի, մնացած գործընթացը կատարվում է նախարարության և կլինիկայի միջև: Կլինիկայում ձևավորված հանձնաժողովը որոշում է քաղաքացու կարիքները:

Այսօր պետպատվեր է գործում 5 կլինիկայում՝  Շենգավիթ ԲԿ-ում, Աստղիկ ԲԿ-ում, Մոր և մանկան գիտահետազոտական ինստիտուտում (Մարգարյան հիվանդանոց), «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության կենտրոնում և Հանրապետական ծննդատանը: Չի բացառվում, որ տարվա ընթացքում դրանց թիվն ավելանա, բուժհաստատությունները կարող են դիմել պետպատվեր ստանալու համար: Կլինիկաներն արդեն պատրաստ են ընդունել շահառուներին ու հերթագրել: Եթե քաղաքացին դիմել է մինչև 36 տարին լրանալը, նա պահպանում է շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկանը:

«Ոչ ոք առանց բուժօգնություն ստանալու չի մնա, քանի որ նույնիսկ այն պարագայում, եթե այս ֆինանսական տարվա ընթացքում չկարողանան բուժօգնություն տրամադրել, իրենք 2 տարի ունեն, որ ստանան բուժօգնությունը»,-վստահեցրեց Փաշայանը:

2019-ի սեպտեմբերից մեկնարկած ծրագրի շրջանակներում առ այսօր ծնվել է 253 երեխա: Միայն նախորդ տարվա ընթացքում ծնվել է 128 երեխա: Փաշայանն ընդգծեց, որ ծնունդների թիվը տարեցտարի ավելանում է, քանի որ նաև պետական ֆինանսավորումն է տարեցտարի ավելացել: Ծրագրի շահառու են նաև զոհված զինծառայողների ծնողները, նրանց համար տարիքային շեմը հանված է: Մասնագետն ակնկալում է ծրագրի արդյունքը տեսնել արդեն 1.5 տարի հետո:

Ավելի վաղ կառավարության որոշմամբ ընդլայնվել էր վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

382