Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին համարում է անազնիվ քաղաքական գործիչ, որը չունի պետության կառավարման անհրաժեշտ որակավորում։

«Հավատացեք ինձ, այն մարդը, որը գտնվում է Ֆրանսիայի գլխին, չունի համապատասխան որակավորում այս պաշտոնում լինելու համար: Ես խոսում եմ բաց, և այս խոսքերը կհասնեն այնտեղ՝ Փարիզ: Նա անազնիվ է, և մենք ցանկանում ենք, որ միջազգային քաղաքականությունը կառուցված լինի ազնվության վրա: Առանց դրա չկա վստահություն»,- երկուշաբթի ասել է Էրդողանը Habertürk հեռուստաալիքի հաղորդմանը։ Թուրք առաջնորդը նշել է, որ այս պահին Մակրոնը «կորցրել է վստահությունը խորհրդարանի նկատմամբ, եւ նրան մնացել է միայն նախագահի պաշտոնը»։

Թուրքիայի նախագահն ասել է, որ Մակրոնի հետ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ միջազգային միջոցառումների ժամանակ։ Իսկ դրանց վերաբերյալ, ըստ Էրդողանի, Մակրոնը «ազնիվ չի եղել»։

«Ֆրանսիան շարունակում է կորցնել վստահությունը, այդ թվում՝ միջազգային ասպարեզում»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ Ֆրանսիան շահագործում է աֆրիկյան երկրները, սակայն նրանց հետ հարաբերությունները խզման եզրին են։

«Մալին այժմ լիակատար խզում է Ֆրանսիայի հետ: Բուրկինա Ֆասոն ֆրանսիացիներին վերջնաժամկետ է տվել՝ ասելով, որ չեն ցանկանում նրանց զինվորներին տեսնել իրենց երկրում մեկ ամսից: Կարծում եմ, Տոգոն նույնը կանի»,- կարծում է Թուրքիայի ղեկավարը: Փարիզը, նրա կարծիքով, կորցնում է Աֆրիկան։

545