Նկատվող լարվածության օջախները ոչ միայն մեր տարածաշրջանում են. ամբողջ աշխարհն այս պահին գտնվում է լարվածության ու անորոշության մեջ։  Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մովսես Հարությունյանը:

«Մեր տարածաշրջանում այս պահին ամենալարված օջախը շարունակում է մնալ շրջափակված Լաչինի միջանցքի հարցը, որով պայմանավորված՝ ամեն հաջորդ օր էլ ավելի է դժվարանում արցախահայության վիճակը։ Լարվածության մյուս օջախն էլ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն են. մի կողմից օրեր առաջ Իրանի զինպահեստներին հասցված հարվածները, մյուս կողմից էլ՝ իրանա-ադրբեջանական հարաբերություններում նկատվող անկայուն վիճակը»,- ասաց նա:

Մասնավորապես անդրադառնալով Իրանի ռազմական գործարանին հասցված հարվածին և դրա շուրջ զարգացող իրադարձություններին՝ Մովսես Հարությունյանը նշեց, որ իրականում այդ պայթյունի «ուժգնությունն» այդքան ուժեղ չէր, որքան դրան հաջորդած տեղեկատվական հարթակների «պայթյունի ուժգնությունը»։

«Տեսնում ենք, որ Իրանը այնքան էլ շահագրգռված չէ տեղի ունեցածին արագ արձագանքմամբ և դրանով պայմանավորված՝ կարծում եմ, որ այդ դեպքը չի կարող տարածաշրջանը քաշել լուրջ առճակատման մեջ, ինչն էլ, բնականաբար, ձեռնտու է մեզ, քանզի  տարածաշրջանային անկայունությունը կբացի ադրբեջանա-թուրքական կապված ձեռքերը, և նրանք հնարավորություն կունենան գնալ Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի։ Այստեղ մեզ համար կարևոր է նաև, թե ինչ անուղղակի դերակատարում է ունեցել Ադրբեջանը Իրանին հասցված հարվածների հարցում, որով էլ պայմանավորված կարող են նոր փոփոխությունների ենթարկվել իրանա-ադրբեջանական հարաբերությունները, ինչից Հայաստանը կարող է շահած դուրս գալ»,- ասաց նա:

Ինչ վեբարերում է Լաչինի միջանցքի բացման խնդրի լուծմանը, ապա քաղաքագետն ասաց, որ Լաչինի միջանցքի բացման հարց կոչվածը իրականում հարաբերական հասկացություն է. Ադրբեջանը ցանկացած օր կարող է բացել միջանցքը ու մի քանի օրից՝ նորից փակել։ «Մեզ համար ամենակարևորն այնպիսի միջազգային երաշխիքի կամ գործուն մեխանիզմների ներդրումն է, որոնք կբացառեն ադրբեջանական կողմի հետագա նման սադրանքները։ Այս պահին ամենամեծ ակնկալիքը Հաագայի միջազգային դատարանից է, որն այսօր քննում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջնորդությունը։ Եթե այս փորձն էլ չստացվի՝ միակ ակնկալիքը մնալու են արդեն ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ ճնշումները Ադրբեջանի վրա, քանզի տեսնում ենք, որ ռուսական կողմը, որը պատասխանատու է միջանցքի անխափան գործունեության համար, ոչ մի էական քայլ չի անում այս ուղղությամբ»,- ասաց նա:

 

 

659