
Ադրբեջանը 120 հազար մարդու ոչ ավել, ոչ պակաս պատանդ է վերցրել՝ նրանց կյանքն անհնարին դարձնելով, ծնկի բերելով, զրկելով ձմռան կեսին բոլոր կենսաապահովման միջոցներից բացառապես նրա համար, որ նրանք ազգությամբ հայ են։ Այս մասին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց պրոֆեսոր Պիեր Գարժանը:
Դիմելով դատարանի անդամներին՝ նա ասաց․ «Ադրբեջանը կարող է ինչքան ցանկանում է փաստարկներ բերել։ Ոչ մեկը չի հավատում նրանց բնապահպանական հեքիաթներին։ Քաղհասարակության ակտիվիստներ մի երկրում, որը հայտնի է՝ որպես բռնապետական երկիր․ ո՛չ ոք չի հավատում։
Ձեր դատարանը պարտավոր է գործել և պետք է գործեք անհապաղորեն։ Եթե չհրահանգեք միջանկյալ միջոցներ, շուտով հայ մարդիկ չեն մնա ԼՂ-ում, նրանք կհեռանան իրենց կյանքը փրկելու համար, ինչպես նրանց կոչ է անում Ալիևը։ Հայաստանը ձեզ չի խնդրում Ադրբեջանին հրահանգել ուժով ցրել այսպես կոչված ցուցարարներին։
Հաշվի առնելով եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը իրավունք չունի ճանապարհի երկայնքով ուժեր կիրառել։ Պահանջում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի ֆինանսական և կազմակերպչական միջոցներով աջակցել խմբերին, որոնք խանգարում են ազատ տեղաշարժը ճանապարհի երկայնքով»։