Առնվազն 1 զինվորական և «Ազգային ազատագրական բանակ» (ԱԱԲ) ապստամբական խմբավորման 9 անդամ Է զոհվել Կոլումբիայի արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով, Twitter-ում հաղորդել են երկրի ռազմածովային ուժերը։ 

«Գործողության ընթացքում տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում զոհվել է ԱԱԲ-ի ինը անդամ և վիրավորվել մեկ ծովային հետևակային: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, ցավոք, մահացել է», - ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել ԱԱԲ-ի ճամբարում, որը հայտնաբերել են Բուենավենտուրայի մունիցիպալիտետի զինվորականները։ Տեղում մի քանի միավոր զենք են գտել։ 2022 թ.-ի վերջին Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել Է 5 խմբավորումների, ներառյալ՝ ԱԱԲ-ի հետ կես տարով հրադադարի համաձայնագրի ձեռքբերման մասին: Ավելի ուշ ապստամբները հայտարարել են, որ կառավարության հետ երկարաժամկետ հրադադարի շուրջ համաձայնագրեր չեն կնքել ։

Ի պատասխան՝ Կոլումբիայի իշխանությունները կասեցրել են ԱԱԲ-ի հետ զինադադարի մասին հրամանագրի գործողությունը։ Հունվարի 21-ին կառավարությունն ու ապստամբները պայմանավորվել են փետրվարի 13-ին բանակցությունների նոր փուլ սկսել Մեքսիկայում։

«Ազգային ազատագրական բանակը», որի կազմում կա մի քանի հազար մարդ, մնացել Է Կոլումբիայի միակ խոշոր ապստամբական խմբավորումն այն բանից հետո, երբ կառավարությունը 2016 թ.-ին հաշտության համաձայնագիր կնքեց «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» կազմակերպության հետ:

Այս փաստաթուղթը վերջ դրեց ավելի քան կես դար տևած հակամարտությանը, որի հետևանքով զոհվել Է ավելի քան 250 հազար մարդ:

219