Ըստ հեղինակավոր world-architects.com կայքի, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որը գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի հյուսիսային Քերոլթոն արվարձանում, քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել ԱՄՆ-ի 2022 թ.-ի «Տարվա կառույց» անվանակարգում: Այս մասին հայտնում է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:

Հոդվածում նշվում է, որ ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի կողմից նախագծված եկեղեցին, ասես, անցնում է ժամանակի և տարածության միջով՝ կապվելով հայկական ավանդույթների ու ժողովրդի հետ։Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին օծվել է 2022 թ. ապրիլի 23-ին և իր առաջին կիրակնօրյա պատարագը մատուցել է մեկ օր անց՝ ապրիլի 24-ին՝ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակի օրը։ Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարի հայկական Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օրինակով:

Այն տուրք է մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին հայկական «կյանքի ծառի» պատկերով, որը բաղկացած է ուղիղ 1,5 միլիոն շրջանաձև պատկերակներից, «որոնցից յուրաքանչյուրը եզակի է, ինչպես ավելի քան մեկ դար առաջ կորսված կյանքերը», նշում է պարբերականը: Եկեղեցու նախագիծը հնագույն ճարտարապետական ձևերը զուգակցում է ժամանակակից տեխնոլոգիաների հետ: Դեյվիդ Հոթսոնը մեծ պատիվ է համարել այն, որ սուրբ Սարգիս հայկական եկեղեցին նման տիտղոսի է արժանացել:

«Հուսով եմ, որ այն ճանաչվածությունը, որ եկեղեցին ձեռք կբերի այս պատվին արժանանալուց հետո, կօգնի Ամերիկայում բարձրացնել իրազեկությունն աշխարհի ամենահին քրիստոնյա ազգի պատմության և հայ քրիստոնյաների հալածանքների մասին, որոնք դեռևս տեղի են ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում», - գրել է Հոթսոնը: 

614