Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հանրակրթական  ուսումնական  հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանելու մասին» հրամանի նախագիծը։

Ներկայացնում ենք նախագիծը՝ ամբողջությամբ։

ԿԱՆՈՆՆԵՐ (ՎԱՐՔԱԿԱՆՈՆ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ  ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ  ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1․ Սույն հավելվածով սահմանվում են հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետև՝ հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի (այսուհետև՝ խորհուրդ) անդամների և մանկավարժական աշխատողների՝ օրենքով, հաստատությունների կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործառույթներից բխող բարեվարքության կանոնները (այսուհետև՝ վարքականոն):

2․ Սույն հավելվածով սահմանված վարքականոնով կարգավորվում են հանրակրթության ոլորտում խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների գործունեության՝ այլ իրավական ակտերով չկարգավորվող վարքականոնները:

3․ Խորհրդի անդամի և մանկա․վարժական աշխատողների գործունեությունը իրենց վերապահված գործառույթներն իրականացնելիս պետք է համահունչ լինի պետության կողմից երեխայի՝ որպես հասարակության լիիրավ քաղաքացու ձևավորման առաջնահերթության սկզբունքներից:

2․ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

4․  Խորհրդի անդամը՝

1)պարտավոր է հարգել հանրության բարոյական նորմերը, մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծի պաշտոնեական դիրքը.

2)պետք է լինի անկողմնակալ, օրինապահ, բարեկիրթ, համբերատար, հարգալից վերաբերվի բոլոր այն անձանց հետ, ում հետ առնչվում է իր գործառույթներն իրականացնելիս,

3)չպետք է օգտագործի պաշտոնեական  դիրքը՝ իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և այլ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար, որոնք  կարող են վնասել կրթության համակարգի կառավարմանը,

4)հաստատությունում իրեն վերապահված գործառույթներում պետք է լինի քաղաքականապես չեզոք,

5)չպետք է թույլ չտա, որ անձնական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան պարտականությունների կատարման վրա,

6)գործառույթներն իրականացնելիս չպետք է ստեղծի բարոյահոգեբանական ճնշող մթնոլորտ, որն անմիջական ազդեցություն կարող է ունենալ գործընկերների վրա.

7)սովորողների ծնողների կամ հոգաբարձուների կողմից ուսումնական հաստատությանը ցուցաբերած անշահախնդիր օժանդակության ընդունումն իրականացնի պատշաճ ընթացակարգով, օգնությունը պետք է հաշվառվի և օգտագործվի սահմանված կարգով՝ բացառապես հաստատության կարիքների համար.

8)դպրոցի ղեկավարությունն  իրավունք չունի ուսուցչից պահանջելու կամ սեփական նախաձեռնությամբ՝ առանց ուսուցչի գիտության, հավաքելու նրա անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ, եթե դա ուղղակիորեն չի առնչվում վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարմանը:

3.ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԿԱՆՈՆԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ  ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ,  ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

  1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – ԱՇԱԿԵՐՏ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  2. Հասարակական դերակատարումը պատշաճ իրականացնելու նպատակով մանկավարժական աշխատողի համար կարևոր է վարքականոնների յուրացումը և  հատկապես  կիրառումը իրեն վերապահված գործառույթներն իրականացնելիս և դրանից դուրս:
  3. Մանկավարժական աշխատողի գործունեության արդյունքում անձը ինքնադրսևորվելիս ավելի հավասարակշռված և ինքնավստահ կդառնա, որովհետև կգիտակցի, որ ճիշտ է վարվում և դիմացինից համարժեք վերաբերմունքի ակնկալիք կունենա։
  4. Մանկավարժական աշխատողը՝

1)պետք է գիտակցի  իր սոցիալական դերի, հետևաբար՝ հասարակության մեջ սոցիալական դերը գիտակցող անհատի ձևավորման գործում իր առաքելությունը.

2)պետք է դասարանում ձևավորի բարենպաստ մթնոլորտ, որին կարող է հասնել նաև  սովորողներին վարքագծի  կանոնները սովորեցնելու և հետևողականորեն դրանց կիրառմանը ուղղորդելու ճանապարհով.

3)աշակերտների հետ իր հարաբերությունները պետք է կառուցի փոխադարձ հարգանքի վրա.

4)պետք է հարգի աշակերտի անհատականությունը՝ անկախ նրա ազգությունից,  տարիքային և անձնային առանձնահատկություններից, դավանանքից, ռասայից, սեռից, լեզվից, սոցիալական ծագումից, հաշմանդամութան և ծնողների (խնամակալների) (այսուհետ՝ ծնող)՝ հասարակական դիրքի կամ որևէ այլ կարգավիճակի  հետ կապված հանգամանքից.

5)պետք է անաչառ ու բարյացակամ լինի բոլոր աշակերտների նկատմամբ, հետևողական՝ նրանց կրթական պահանջների բավարարման գործում, պատրաստակամությամբ արձագանքի այդ առնչությամբ ծագած բոլոր խնդիրներին.

6)պետք է նպաստի սովորողների մեջ այնպիսի դրական անձնային հատկանիշների ձևավորմանը, ինչպիսիք են՝  ինքնակրթությունը, ինքնադաստիարակությունը, ինքնուրույնությունը, ինքնավերահսկումը, պատասխանատվությունը.

7)պետք է նպաստի սովորողների ներանձնային և միջանձնային հարաբերություններում դրսևորվող դրական այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են համագործակցելու, ապրումակցման, ուրիշներին օգնելու պատրաստակամությունը.

8)երեխայի մեջ սերմանի պատասխանատվություն դպրոցի և հանրային սեփականություն հանդիսացող գույքի պահպանման համար.

9)պետք է հարգի սովորողների մտքի, խղճի և դավանանքի ազատությունը, պատշաճ ուշադրություն դարձնի նրանց արտահայտած կարծիքներին ու հայացքներին և նրանց չպարտադրի իր սեփական հայացքները.

10)յուրաքանչյուր աշակերտի հիմնարար իրավունքները երաշխավորելու համար պետք է հարգի յուրաքանչյուր աշակերտի անձնական կյանքը և չտարածի կամ չփոխանցի աշակերտի կողմից կազմված տեքստեր, աշխատանքներ, լուսանկարներ և տեսահոլովակներ անձնական սոցիալական կայքերում.

11)պետք է պահանջկոտ և հետևողական լինի բոլոր սովորողների նկատմամբ, ընդ որում՝ այդ պահանջկոտությունը պետք է հիմնավորված լինի և բխի գործընթացի կազմակերպման համընդհանուր շահերից.

12)պարտավոր է գաղտնի պահել սովորողի մասնավոր կյանքի անձեռնմխելիությանն առնչվող տեղեկությունը, ինչպես նաև նրա կողմից իրեն վստահված գաղտնիքը՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Սովորողի անձին վերաբերող տեղեկությունը   կարող է օգտագործվել բացառապես ի շահ սովորողի.

13)պետք է սովորողներին ծանոթացնի ուսումնական հաստատության սահմանած ներքին կարգապահական կանոններին,  ուղղորդի, աջակցի և  հետևի դրանց կատարմանը.

14)ուսումնական գործըթացի կազմակերպման ընթացքում դրսևորած  պատշաճ վարվեցողությամբ սովորողների մոտ ձևավորել վարքագիծ՝  հասարակության մեջ ընդունված համընդհանուր վարվեցողության կանոններին համապատասխան.

15)ելնելով  իր, նաև ոլորտի  հեղինակության պահպանման շահերից՝ պետք է անաչառ լինի սովորողներին գնահատելիս, զերծ մնա դրանք կեղծելուց, գնահատումը պետք է հիմնավորված լինի և անկողմնակալ։ Սովորողների նվաճումները գնահատելիս ուսուցիչը պարտավոր է ձգտել օբյեկտիվության և արդարության։ Նա չի կարող բարձրացնել կամ իջեցնել սովորողների գնահատականները սեփական հայեցողությամբ, առաջադիմությունը արհեստականորեն բարձրացնելու նպատակով նրանց փոխարեն ուղղել թույլ տրված սխալները կամ քողարկել դրանք։ Անհրաժեշտության դեպքում պետք է կարողանա հիմնավորել նշանակած գնահատականները.

16)չպետք է դրսևորի կոպիտ, արհամարհական վերաբերմունք սովորողի անձի նկատմամբ, զերծ մնա անհիմն, կրկնվող մեղադրանքներից.

17)պարտավոր է  հաստատության գույքը, ֆինանսական միջոցները, տեղեկատվական միջոցները, էլեկտրոնային համակարգերը օգտագործել նպատակին  համապատասխան.

18)պարտավոր է հաստատությունում դրսևորել քաղաքական չեզոքություն,  հաստատությունից դուրս իր գործունեության ոլորտի  շահառուների (սովորող, ծնող) նկատմամբ  դրսևորել զսպվածություն.

19)պարտավոր է պահպանել  «Հանրակրթության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջը.

20)պարտավոր է խուսափել նվեր ընդունել կամ տալ, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է մասնագիտական պարտականությունների իրականացման հետ, որը կարող է ուղղակի կամ անուղղակի կերպով ազդել իր կողմից իրականացվող մասնագիտական գործունեության որակի կամ համապատասխանության վրա.

21) ուսումնական հաստատության մասին հրապարակումներում պետք է լինի հստակ:

2․ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8.Մանկավարժական աշխատողները պետք է ձգտեն միմյանց հետ ակտիվ համագործակցության, փոխադարձաբար հարգեն և օգնեն իրար, կարևորեն միմյանց և ուսումնական հաստատության շահը։ Նրանց պետք է միավորի փոխադարձ վստահությունը, թիմային համերաշխությունը, միմյանց աջակցելու ազնիվ մղումն ու պատրաստակամությունը։

9.Մանկավարժական աշխատողը պարտավոր է պաշտպանելու ոչ միայն իր, այլև հաստատության, յուրաքանչյուր գործընկերոջ հեղինակությունը։ Սովորողների կամ այլ անձանց ներկայությամբ չպետք է քննադատի  գործընկերներին։

10.Ցանկացած քննադատություն և դիտարկում պետք է լինի անաչառ և հիմնավոր, արվի նրբանկատ կերպով, ոչ վիրավորական շեշտով։

11.Գործընկերների և ղեկավարության աշխատանքային գործունեության գնահատումը մանկավարժական աշխատողի իրավունքն ու պարտականությունն է, ուստի արգելվում է քննադատության համար վերջինիս հետապնդումը։ Քննադատությունը պետք է արվի ուսումնական հաստատության ներսում, չկրի վիրավորական բնույթ։ Բամբասանքն անհանդուրժելի է ուսումնական հաստատությունում։

12.Մանկավարժական աշխատողները պարտավոր են խուսափել անհիմն և աղմկահարույց իրավիճակներ ստեղծելուց և ընդհարումներ հրահրելուց։ Տարաձայնությունների առաջացման դեպքում նրանք պետք է ձգտեն հարթել դրանք` ցուցաբերելով կառուցողական մոտեցում։

13.Մանկավարժական աշխատողները  չպետք է թաքցնեն գործընկերների գործած սխալներն ու զանցանքները։

14․ Մանկավարժական աշխատողները հանրակրթության ոլորտի աշխատակիցների, սեփական իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով պետք է համերաշխություն արտահայտեն գործընկերների, նրանց միությունների օրինական պահանջներին:

 

3.ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ – ԾՆՈՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ  ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

15.Մանկավարժական աշխատողը պետք է հարգալից և փոխըմբռնումով  վերաբերվի աշակերտների ծնողներին, սովորողի կրթության իրավունքն իրացնելու գործում  նրանց ընդունի որպես աջակից։

16.Մանկավարժական աշխատողը չպետք է հրապարակի ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների՝ միմյանց մասին իրեն վստահած կարծիքներն ու դիտարկումները։

17.Ծնողների հետ մանկավարժական աշխատողի հարաբերությունները ոչ մի կերպ չպետք է ազդեն աշակերտների գնահատականի կամ կրթական այս կամ այն ծրագրերում նրանց ներառելու հանգամանքի վրա։

18.Մանկավարժական աշխատող-աշակերտ փոխհարաբերությունների և աշակերտների գնահատականի վրա ոչ մի կերպ չպետք է ազդի աշակերտների ծնողների կողմից ուսումնական հաստատությանը ցուցաբերված աջակցությունը՝ անկախ դրա ձևից, չափից, կարևորությունից և բարդության աստիճանից։

19.Երեխայի անվտանգության նկատառումներց ելնելով՝ խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում մանկավարժական աշխատողը հարցը պետք է պարզաբանի տվյալ սովորողի ծնողի հետ, անհամաձայնության դեպքում դիմի դասղեկին, հետո՝ հաստատության տնօրենի տեղակալին, տնօրենին:

20․ Մանկավարժական աշխատողը պետք է ծնողին իրազեկի, որ խնդրահարույց հարցերի առկայության դեպքում մինչև կրթության գերատեսչական մարմին դիմելը ծնողը պարտավոր է հարցը պարզաբանել ուսումնական հաստատությունում:

  

4.ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՔԱԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

21.Ուսումնական հաստատություններում վարքականոնների կենսագործումն իրականացվում է անհատի գիտակցման, համարժեք վարքագծի դրսևորման, իսկ վերահսկողությունը՝ ինքնագնահատման, հասարակական կարծիքի զուգակցման ու համագործակցման  միջոցով:

22.Ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողների գործունեությունն ու վարքագիծը վերահսկելու,  կարողությունը խթանելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել փաստաթղթի  դրույթների պատշաճ իրազեկում, որոնք  հասցեատերը պարտավոր է յուրացնել ու դարձնել իր գործելակերպի և մտադրությունների ուղեցույց:

 23.Ուսումնական հաստատություններում մանկխորհրդի որոշմամբ, ելնելով հաստատության առանձնահատկություններից, համայնքում  գործող ավանդույթներից, կարող են սահմանվել  վարքականոնի առանձին դրույթների հավելումներ և լրացումներ՝ ներքին կարգապահական կանոններում՝ սույն փաստաթղթում ամրագրված նպատակներին ու հիմնական սկզբունքներին չհակասելու պայմանով:

1161