Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 04։00-ի սահմաններում, Թուրքիայում և Սիրիայում գրանցվել է 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով կա ավելի քան 1500 զոհ։ Այնուհետև՝ արդեն ժամը 14:24-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Civic.am-ի հետ զրուցում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն ասաց, որ Հայաստանը այս երկրաշարժի էպիկենտրոնից բավականին հեռու է, և համոզված է, որ այս տեսակետից Հայաստանի տարածքին վտանգ չի սպառնում, և այս ուժեղ երկրաշարժը չի կարող ազդել Հայաստանի սեյսմիկ իրավիճակի վրա:

Խոսելով Հայաստանի սեյսմակայունության ներկայիս վիճակի մասին՝ Սերգեյ Նազարեթյանն ասաց, որ գնահատել են 30-ից ավելի քաղաքների տարածքի սեյսմիկ ռիսկը, և կա մի ակնհայտ օրինաչափություն՝ 1957-1989 թվականներին կառուցված շենքերը, մի քանի պատճառներով, սեյսմիկ խոցելի են։

«Այսինքն՝ մեծ մասը, որ 2020 թվականի սեյսմակայուն շինարարական նորմերով հաստատվեց, վտանգին չեն դիմանա։ Պատճառները մի քանիսն են, որովհետև Հայաստանի տարածքի սեյսմիկ վտանգը մեր սեյսմոլոգները թերագնահատել են։ Խորհրդային տարիներին կառուցված շենքերը, հատկապես բազմաբնակարան շենքերը, շատ անորակ էին։ Շինարարության որակը ցածր էր, համարյա բոլոր տիպային շենքերը ունեին նախագծային թերություններ և այլն։ Սրանք բոլորը եթե գումարենք, պետք է ասենք, որ այդ թվերին կառուցված բազմաբնակարան շենքերը հատկապես սեյսմիկ խոցելի են և ուժեղ երկրաշարժի դեպքում, օրինակ՝ եթե Երևանում 9 բալ լինի, չեն դիմանա։ Երևանում կա մոտ 2300 այդպիսի շենք, որոնք սեյսմիկ տեսանկյունից խոցելի են, այդպիսի շենքեր կան նաև Հայաստանի մյուս քաղաքներում»,- ասաց Սերգեյ Նազարեթյանը։ 

Վերջինս նշեց, որ նոր կառուցվող շենքերի և՛ նախագծային սեյսմիկությունն է բարձր, քանի որ 9 բալի հաշվարկով են նախագծվում ու կառուցվում, և՛ որակն է անհամեմատ լավը։

Փորձագետի խոսքով՝  Երևանից բացի, Գյումրու վիճակը նույնպես լավ է, որովհետև Գյումրիում նոր կառուցված շենքերը նախ բարձրահարկ չեն, երկրորդն էլ՝ խիստ սեյսմակայուն են։ Իսկ Անի թաղամասի շենքերը նախատեսվածից ավելի ամուր են կառուցված։ Ինչ վերաբերում է Վանաձորի վիճակին, ապա փորձագետը նշեց՝ քանի որ Վանաձորում 88-ի երկրաշարժի ուժգնությունը թույլ էր, այնտեղ շենքերի փլուզում քիչ եղավ, փլուզվեցին 50-ից ավելի շենքեր, բայց շենքերի զգալի մասը դարձավ սեյսմիկ տեսակետից խոցելի և վթարայնության աստիճան ձեռք բերեց։
 
«Վանաձորում նորակառույցները ցանկացած ուժի երկրաշարժի կդիմանան։ Իսկ այն հին շենքերը, որոնք վթարային են դարձել, չեն դիմանա։ Նույն իրավիճակն է մեր մյուս քաղաքներում, որտեղ բազմաբնակարան շենքեր կան։ Հաջորդ կարևոր խնդիրը սեյսմակայունության տեսանկյունից՝ կրթական հաստատությունների, դպրոցների շենքերն են։ Այս պրոբլեմի մասին իշխանությունները լավ գիտեն։ Հատուկ ծրագիր կա, տարեկան առնվազն կամ 30 նոր դպրոց է կառուցվում, կամ ամրացվում է։ Մինչև 2030 թվականը այդ պրոբլեմին լուծում կտան»,- նշեց Սերգեյ Նազարեթյանը: 

Ի հավելումն նա նշեց, որ խիստ խոցելի էին նաև հիվանդանոցների շենքերը, սակայն այստեղ էլ վիճակը մեխանիկորեն լավացավ, երբ որ կառուցվեցին բժշկական կենտրոններ, որոնք նոր նորմերով նախագծվեցին ու համեմատաբար որակով կառուցվեցին, դրա համար այդ պրոբլեմը, կարելի է ասել, հիմնականում լուծված է։

Փորձագետը նաև ասաց, որ շենքի հարկայնությունը կապ չունի սեյսմակայունության հետ, բայց փորձից գիտեն, որ բարձրահարկ շենքերն ավելի խոցելի են, որովհետև եթե անորակ եղավ, կառուցված շենքը կփլուզվի, տեսականորեն բարձրահարկ շենքերը պետք է ավելի լավ դիմանան երկրաշարժին, քան ցածրահարկերը, քանի որ ռեզոնանսի երևույթ չկա, այստեղ գլխավոր դերը պատկանում է շինարարության ցածր որակին։ 

Խոսելով նաև այն մասին, թե արդյոք հասարակությունը, հատկապես  դպրոցականները իրազեկվա՞ծ են, թե ինչ պետք է անեն երկրաշարժի դեպքում, փորձագետն ասաց, որ ունեն մշակած վարքականոնների գիրք, իսկ դպրոցներում լավ աշխատում են իրենց մասնագետները, սովորեցնում են, տարածում են, և այդ հարցը բավականին լավ մակարդակի վրա է։     
          
Ինչ վերաբերում է սեյսմակայանների սարքավորումներին, ապա, փորձագետի խոսքով, այս տարի պետությունը պետք է գումար տա, որ իրենց  կայանների սարքավորումները նորացվեն։

«Դեռ պետական միջոցներով լուրջ բան չի եղել, բայց մեր համագործակցության շնորհիվ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից ահագին լավ սարքավորումներ ունենք։ Մեզ մոտ սարքավորումներ կան, որ շատ լավն են, ժամանակակից են, նաև կան, որ թափելու բան են։ Այնպես որ, սովետից ժառանգած սարքավորումներ էլ ունենք, գերժամանակակից սարքավորումներ էլ ունենք»,- եզրափակեց փորձագետը։

560