Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և այս պահին քննարկում է հումանիտար օգնության տեսքով առաջին անհրաժեշտության ապրանքների փոխանցումը Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջաններ, ինչպես նաև փրկարար ծառայության ջոկատների գործուղումը համապատասխան վայրեր՝ գետնի վրա օգնություն ցույց տալու համար։ 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այս մասին ասաց Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։

«Մենք ինքներս 1988թ.-ին մեր տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում, տեսել ենք, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ երկրաշարժը և մենք այն ժամանակ միայնակ չենք մնացել. մենք ստացել ենք միջազգային հանրության օգնությունը: Ես կարծում եմ, որ պետք է նաև պատրաստ լինենք մեր օգնության ձեռքը մեկնել բոլոր ժողովուրդներին, որոնք այդ պահին բնական աղետների հետևանքով այդ օգնության կարիքն ունեն»,-ասել է Միրզոյանը։

245