Ծնելիության մակարդակը Հայաստանում ցածր է․ սա խոսում է երկրում ժողովրդագրական խնդիրների համար լուծմներ գտնելու մասին։ Խորհրդային Միության փլուզումից հետո պատերազմ, տնտեսական ճգնաժամ, արտագաղ՝ այս ամենը բերեցին ցավալի ցուցանիշների։

Ընդհանուր առմամբ՝ տնտեսական իրավիճակը մարդկանց ստիպում էր ավելի քիչ երեխաներ ունենալ, քանի որ նրանց պահելն ու մեծացնելը խնդիր էր։ Այս ցուցնիշներից ամենանվազը եղել է 2000-2001 թվականներին, այնուհետև որոշակի աճ է նկատվել, որը կրկին իջել է  2014 թ․-ին, շուրջ 7 տարի նվազման է գնացել և առաջին անգամ 2020-ին շատ փոքր աճ է գրանցվել՝ ընդամենը 1 տոկոս, սա ինչ-որ չափով հուսադրող էր, քանի որ կանգնեցրեց նվազման միտումը։ 2022 թվականին կրկին բացասական միտումներ են նկատվում։

Խնդիրը ՀՀ-ի համար առաջնային է, իսկ պետությունը փորձում է այն միշտ ուշադրության կենտրոնում պահել բազմաթիվ  ծրագրերով․ ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմելու նպատակով, նախատեսվում է մշակել և կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։ Այս ծրագրերի շրջանակում թերևս ամենակարևորներից են բնակարային խնդիրներին ուղղվածները։

Ասացվածքը՝ ծառ տնկիր, տուն կառուցիր ու որդի ունեցիր, ինչքան էլ հնուց է գալիս, միևնույն է, արդիական է այժմ՝ հաշվի առնելով, որ այսօր նորաստեղծ ընտանիքները փորձում են առաջինը տուն ունենալու հարցը լուծել, նոր երեխաներ ունենալ։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ երեխայի պլանավորման վրա առավել մեծ ազդեցություն և պետության առաջնահերթ միջամտության կարիք ունեցող խնդիրներից են բնակարանային պայմանների բարելավումը և արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորությունը։

Այս հարցը որոշակիորեն իր լուծումը ստացավ 2020 թ․-ին ընդունված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերով։ Սա կարելի է ասել՝ փոխշահավետ համագործակցություն է պետության և ընտանիքի միջև․ պետությունը օգնում է ընտանիքին, իսկ ընտանիքը երեխաներ է ունենում՝ իր ներդրումն ունենալով երկրի ժողովրդագրական խնդիրները լուծելու և ավելի լավ ապագա ստեղծելու մեջ։

Ծրագրերը բավականին հնարավորություններ են տալիս․ ծրագիրն ուղղված է երեխա ունեցող ընտանիքներին, որոնք ցանկանում են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերել կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստանալ։

Առաջ են քաշվել երեք ծրագրեր.

Առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով։ Այս դեպքում շահառուն պետք է ունենա առնվազն 2 անչափահաս երեխա։  Իսկ միանվագ դրամական աջակցության չափը կազմում է ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը։ Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելացվում է 30 տոկոսով (այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն աջակցության չափը կազմում է 2,6 մլն դրամ

Երկրորդ ծրագրի շրջանակում՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի իրականացման համար։ Շահառուի խնամքին առկա է առնվազն 1 անչափահաս երեխա: Այս դեպքում կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամը։

Երրորդ ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։ Այս դեպքում երեխան պետք է ծնված լինի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկանքը ներկայացվել է մինչև երեխայի մեկ տարին լրանալը,

Ըստ երեխայի թվի՝ այն աճում է. մեկ կամ երկու երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 10 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 5 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 500,000 դրամը), իսկ շահառուի երրորդ և հաջորդ երեխայի դեպքում վարկի մնացորդային մայր գումարի 50 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը), իսկ Երևան քաղաքում՝ 25 տոկոսի չափով (բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը)։

Բոլոր ծրագրերի դեպքում ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման գինը և գնահատված շուկայական գինը կամ կառուցվող անշարժ գույքի նախահաշվային գինը՝ առավելագույնը 30 մլն դրամ պետք է լինի, որն ավելացվում է շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով 5 մլն դրամով։

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2022 թվականի ընթացքում աջակցություն է ստացել 1679 շահառու․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1,2 մլրդ դրամ։ Այս պահին կա հաստատված ևս 283 քաղաքացու դիմում, որոնք առաջիկայում նույնպես կֆինանսավորվեն։ Քաղաքացին ծրագրերից օգտվելու համար պետք է դիմի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցող որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն, ինչից հետո կառավարությունը ստանում է հաշվետվությունները և համապատասխան հաշիվներով վճարում է:

Ծրագիրը շարունակաբար ֆինանսավորվում է։ 2022 թ․-ին այդ նպատակով Կառավարությունը լրացուցիչ 400 մլն դրամ հատկացրեց։

931