ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերն ու զարգացման հնարավորությունները:
Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ երկու երկրների միջև առկա համագործակցության շրջանակում նախանշելու հետագա անելիքները:
Ըստ նախարարի՝ համատեղ մի շարք ծրագրերի ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց, մասնավորապես՝ շարունակվում են իրականացվել «ՀՀ կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, կրթության, երիտասարդության, գիտության և սպորտի բնագավառներում համագործակցության մասին» գործող համաձայնագրով ամրագրված գործողությունները:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ մշակվել և չեխական կողմին է փոխանցվել «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Չեխիայի Հանրապետության կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի երկարաձգման նախագիծը, որով երկկողմ համագործակցությունը կշարունակվի՝ զարգացման հեռանկարով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ:
Ըստ այդմ՝ արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում: 2022 թ. նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստորագրել է հուշագիր, ըստ որի՝ Բռնոյի Մասարիկի համալսարանում հիմնադրվել է հայագիտական կենտրոն:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևորել է երկու երկրների և համալսարանների միջև կապերը, վստահեցրել, որ պատրաստ են օժանդակել դրանց ամրապնդմանն ու ընդլայնմանը: Կողմերն անդրադարձել են ուսանողների փոխանակման, միջպետական կրթաթոշակների տրամադրման ծրագրերին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: