Թուրքիան այսօր ակտիվ դեակատարություն ունի Հարավային Կովկասում, բայց Հայաստանը չի կարող ընդունել կամ ողջունել նման մասնակցությունը, РБК- ի հետ զրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

 

«Թուրքիան արդեն ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում: Բայց այն արտահայտվում է ապակայունացնող ագրեսիվ քաղաքականությամբ, Ադրբեջանին միակողմանի ագրեսիվ աջակցությամբ, ահաբեկիչներ, գրոհայիններ տարածաշրջան բերելով»,- Մնացականյանի խոսքերն է մեջբերել РБК-ն։

 

Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

 

Հրադադարը մարդասիրական նկատառումներով է՝ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրս բերման համար: Ու չնայած այս պայմանավորվածությանը, և հայկական, և ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։

 

Մնացականյանն РБК-ի հետ զրույցում, անդրադառնալով հրադադարի պահպանմանը, նշել է․ «Ոչ մի դեպքում այդ հնարավորությունը չպետք է կորցվի: Առաջին քայլը մարդասիրական նպատակով հրադադարն է: Դա կորցնելը շատ վտանգավոր է: Խորհրդակցություններ են ընթանում Կարմիր խաչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Անհրաժեշտ է ամրապնդել հրադադարի ռեժիմը և կանխել ռազմական գործողությունների վերսկսումը»:

 

588