
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն հայտարարել է, որ Օպերային ստուդիան նոր տնօրեն ունի.
Օպերային ստուդիայի գործունեությամբ հետաքրքրվող թանկագին բարեկամներ, սիրով տեղեկացնում եմ, որ մոտ կես տարվա ընդմիջումից հետո, ստուդիան ունի նոր տնօրեն՝ Հակոբ Գասպարյան։ Ծնվել է Հայաստանում, ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան որպես հոբոյահար, որից հետո մեկնել է Գերմանիա, ուր շարունակել է կրթությունը նվագախմբային վարպետության բաժնում, այնուհետև Witten-ի համալսարանի մշակութային պրոցեսների կառավարման ֆակուլտետում (Kultur Management)։ Աշխատել է Recklinghausen-ի ֆիլհարմոնիկ նվագախմբում, որպես նվագախբի մենեջեր։ Այսպիսով, 12 տարի Գերմանիայում իր գործունեությունը ծավալելուց հետո, վերադարձել է Հայաստան։ Այնպես որ այս դժվարին և ահագնացող արտագաղթի պայմաններում ուրախությամբ կարող ենք արձանագրել նաև որակյալ և պահանջված մասնագետի ներգաղթ։ Բարի վերադարձ և արդյունավետ աշխատանք եմ մաղթում՝ հանուն մեր սիրելի հայրենիքի։