
Երեկ՝ մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:
Զոհված ոստիկաններից 43-ամյա Դավիթ Դանիելյանը ոստիկանության մայորի կոչում ուներ, զբաղեցնում էր ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը, 3 երեխայի հայր էր:
Նրա կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ծնվել է 1980 թվականի օգոստոսի 22-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում:
2004-2006թթ ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում:
2002 թվականին ընդունվել է Արցախի Պետական Համալսարանի տեսական տնտեսագիտություն բաժին և 2008թ-ին ավարտել իրավագիտություն բաժինը՝ ստանալով մագիստրոսի կոչում:
2010 թվականին ծառայության է անցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում:
2019թվականից զբաղեցնում էր նույն վարչության անձնագրային հսկողության կետերի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Ծառայության ընթացքում արժանացել է մի շարք խրախուսանքների: Ուներ Ոստիկանության մայորի կոչում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Զոհվել է 2023 թվականի մարտի 5-ին, «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանական հերթափոխի ժամանակ, Ադրբեջանի զինուժի դիվերսիոն խմբի ներթափանցման հետևանքով: