
2022 թվականին Հայաստանում ժողովրդագրական տվյալները հուսադրող էին․ նախորդ տարի Հայաստանի մշտական բնակչության թիվն ավելացել է 15.400-ով: Մասնագետները համարում են, որ 1991 թվականից ի վեր առաջին անգամ ժողովրդագրական վիճակը բարելավվել է երկու ասպեկտով: Միգրացիայի դրական սալդոն կազմել է 5900, իսկ ծնելիության և մահացության բնական հավելաճը՝ 9548: Միգրացիայի մնացորդը դրական է եղել նաև 2020-ին, բայց դա պայմանավորված էր կորոնավիրուսի սահմանափակումներով:
Այն, որ Հայաստանի համար առաջնային խնդիր է ժողովրդագրական իրավիճակը, պարզ է՝ հաշվի առնելով այն թվերը, որոնք ներկայումս կան, և տարածաշրջանային իրավիճակը՝ ուսումնասիրելով նաև հարևան երկրների ժողովրդագրական դինամիկան։
Բարձր ժողովրդագրական դինամիկան լուծում է թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական և թե սոցիալական մի շարք հարցեր։ Այն Հայաստանում շատ խնդիրների լուծման բաղադրիչ է։
ՀՀ-ն աշխատում է այս ուղղությամբ՝ մշտապես փորձելով ստեղծել պայմաններ, որոնց արդյունքում մարդիկ կցանկանան թե՛ մնալ և ապրել Հայաստանում, թե՛ վերադառնալ հայրենիք, եթե ապրում են դրսում։
Ժողովրդագրության բարելավման համար ոչ միայն բնական հավելաճը՝ ծնելիությունն է նպաստում, այլ նաև հայրենադարձությունը, որը հատկապես մեր երկրի համար թիրախային է՝ հաշվի առնելով մեր մեծ սփյուռք ունենալը․ այն շատ կարևոր է տնտեսական կապիտալի ներգրավման, մշակութային բազմազանություն, ինչպես նաև կրթական, գիտական և այլ ասպարեզներում զարգացում ունենալու հարցում:
2022 թվականին 1991թ․-ից ի վեր ռեկորդային թվով դիմումներ են եղել Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու համար՝ ավելի քան 25.000 հոգի։ Այն, որ հայրենադարձության տեմպերը տարեցտարի աճում են, վկայում են մի շարք տվյալներ․ 2018-2021 թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել հայրենիք վերադարձած 40.000 հայ՝ 45 երկրից: Տարիներ շարունակ քաղաքացիության համար ամենաշատ դիմողները եղել են Մերձավոր Արևելքի՝ Սիրիայի, Լիբանանի հայ համայնքներից: Սրան, իհարկե, գումարվեցին 2022թ․-ին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Հայաստան հայրենադարձվածները, որոնք, պատերազմով պայմանավորված, վերադարձան ՀՀ՝ 2022-ին ամենաշատը դիմել են Ռուսաստանից: 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում։
Իհարկե, հայրենադարձությունը բարդ գործընթաց է, հաշվի առնելով, որ կա ինտեգրման մեծ խնդիր՝ բնակարանի, երեխաներին, դպրոցներում, մանկապարտեզներում տեղավորելու, աշխատանք գտնելու առումներով։ Ներկայումս ՀՀ-ն փորձում է հնարավորինս արագ այս գործընթացները կազմակերպել՝ հաշվի առնելով Միջին և Մերձավոր Արևելքից հայրենադարձության արդյունքում առաջացած մի շարք կարևոր կետեր՝ կապված փախստականների հետ։
Միգրացիոն ծառայության կայքը հնարավորինս հեշտացրել է ապաստանի տրամադրման դիմումների ընթացակարգը․ դիմել կարող են նույնիսկ այն դեպքում, երբ Հայաստան մուտք են գործել ապօրինի:
Բացի այդ՝ անցյալ տարվա ավարտին ընդունվեց ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը, որով կարգավորվում են փախստական ճանաչված անձանց բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Նշված ժամկետով աջակցության տրամադրման նպատակն է հնարավորություն տալ փախստականներին 6 ամսվա ընթացքում սովորել լեզուն, լուծել իրենց զբաղվածության հարցերը՝ այդ ժամկետը լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։
Վերաինտեգրման հարցում կան մի շարք ծրագրեր ևս, դրանցից առավել համապարփակը ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրն է, որի շրջանակներում վերադարձողներին տրամադրվում է մի շարք տեղեկատվություն և կարիքներին համապատասխան ուղղորդում:
Մասնավորապես, ծրագրի շրջանակներում իրականացվում են հետևյալ միջոցառումները՝
Վերադարձած միգրանտների՝ իրենց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ առկա մեխանիզմների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացում հետևյալ ուղղություններով՝
- երկրի օրենսդրական դաշտի, պետական կառավարման համապատասխան հիմնարկների ու վերադարձողների հիմնախնդիրների լուծմանն առնչվող այլ կազմակերպությունների գործունեության,
- առողջապահական ծառայությունների, մասնավորապես՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ցանկի և պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մեխանիզմների,
- սոցիալական աջակցության ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների,
- կենսաթոշակային ապահովության համակարգի,
- զինապարտության հետ կապված հարցերի,
- անձնական իրերի տեղափոխման մաքսազերծման արտոնությունների,
- փաստաթղթային խնդիրների, մասնավորապես՝ անձնագրային և երկքաղաքացիության ձեռքբերման հետ կապված հարցերի և այլն:
Իրազեկման, տեղեկատվության պակասը լուրջ խոչընդոտ է հայրենիքում նրանց վերահաստատման համար, ներկայումս հնարավոր ամեն ինչ արվում է տեղեկատվական բացը լրացնելու համար։ Մոտ ժամանակներս Կառավարության որոշմամբ կբացվի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն, որի նպատակը կլինի խթանել և դյուրացնել հայրենադարձների ներգրավումը հայաստանյան հասարակական կյանքում: