Ռոբերտ Քոչարյանի թիմակից, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը Արշակունյաց պողոտայում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում 2 բնակարան է ձեռք բերել՝ մեկ քառակուսի մետրը 1240 ԱՄՆ դոլարով։ Մեր այս տեղեկությունը ճշտելու համար Civic.am-ը երեկ և այսօր բազմաթիվ անգամ զանգահարեց պատգամավորին, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։
Հիշեցնենք, որ սա այն նույն թաղամասն է, որտեղից բնակարան էր ձեռք բերել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը դեռևս 2021-ին ամրագրված պայմանագրով՝ 2022-ի հուլիսին բնակարանը ձեռք էր բերել մեկ քառակուսի մետրը 1019 ԱՄՆ դոլարով, ինչը կասկածների, ենթադրությունների առիթ էր հանդիսացել։ «Հետք»-ը գրել էր, որ «Բյուրեղ» համալիրի բնակարաններն այժմ 2500 դոլար արժեն, և Պապիկյանը անհամեմատ էժան գնով է ձեռք բերել իր բնակարանը, ինչը և կապել էին հնարավոր կոռուպցիայի հետ և Փաշինյանին կոչ արել՝ հրահանգել իրավապահներին հետաքննել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ևս բնակարանները անհամեմատ ավելի էժան գնով է ձեռք բերել՝ գրեթե կրկնակի էժան այն գնից, որ դրանք վաճառվում են հիմա։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ է սա վրիպել «Հետք»-ի աչքից։ Չէ՞ որ Վարդանյանն իր բնակարանները ձեռք է բերել գրեթե նույն գնով, ինչ Պապիկյանը։ Այն էլ՝ երկուսը։
Նշենք, որ Էլինար Վարդանյանը իր 2021 թվականի հայտարարագրում որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա օգտագործման մեկ բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում և համատեղ սեփականությամբ մեկ բնակարան՝ Արաբկիրում։