Ամերիկյան Յուտա նահանգում սահմանափակումներ են մտցվելու, համաձայն որոնց անչափահասները  սոցցանցերից չեն կարող օգտվել՝ առանց ծնողների համաձայնության։ Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը երկու օրենք է ստորագրել, ինչի մասին տեղեկացրել է Թվիթերում՝ գրառմամբ։

«Մենք այլևս չենք ցանկանում, որ սոցիալական ցանցերը շարունակեն վնաս հասցնել պատանիների հոգեկան առողջությանը։ Այսօր երկու առանցքային օրենք ենք վավերացրել՝ ուղղված սոցցանցերի սեփականատերերի վարած քաղաքականության դեմ»,- գրել է Յուտայի նահանգապետը։

Նոր օրենքներով սոցիալական ցանցերի սեփականատեր հանդիսացող ընկերությունները պարտավորվում են  ստուգել օգտահաշիվ բացել ցանկացողի տարիքը, 18 տարեկանից ցածր անձանցից պահանջել ծնողների համաձայնությունը, իսկ ծնողները լիակատար հասանելիություն պետք է ունենան երեխայի օգտահաշվին։ Բացի այդ, սոցցանցերի սեփականատերերը պետք է «պարետային ժամ» սահմանեն, արգելեն անչափահասնելի մուտքը սոցցանցեր 22։30-ից մինչև առավոտյան 06։30-ը։ Ընկերություններին արգելվում է նաև երեխաների անհատական տվյալները հավաքելն ու դրանք անչափահաս լսարանին ուղղված  գովազդային արշավների համար ծառայեցնելը։ 18 տարականից ցածր անձանց օգտահաշիվները փնտրման համակարգում չպիտի արտացոլվեն, կսահմանափակվի նաև «ընկերների» ցանկում չգրանցված օգտահաշիվներից մինչև 18 տարեկաններին անձնական հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը։

Անչափահասների մոտ «կախվածություն առաջացնող» ալգորիթմներ  օգտագործելու դեպքում սոցիալական ցանցերին մեծ տուգանքներ են սպառնում։ Անչափահասին ֆինանսական, հոգեկան կամ էմոցիոնալ վնաս պատճառելու դեպքերում ծնողները լիակատար իրավունք ունեն դատական պրոցես հարուցել սոցցանցերի սեփականատեր ընկերությունների դեմ։

Նշված օրենքները նախատեսվում է ուժի մեջ մտցնել 2024 թվականից։

656