Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի գործով նիստը։ Նիստից հետո Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Լուրերի» հարցին, թե ինչպես է գնահատում դատախազության պահանջը՝ ընդհանուր ավելի քան 8 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, Ղազարյանը հորդորել է դատախազությունից հարցնել: Պնդել է՝ ինքն ապօրինի գույք չունի, բոլորը օրինական են:

Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած հայտնի կադրերում երևացող պայուսակով գումարին, որը նրա մոտ հայտնաբերվել էր բերման ենթարկելիս, Ղազարյանը նշել է, որ դա ընկերների գումարն էր, տանում էր պարտքերը տալու: Հարցին՝ հնարավո՞ր է ապօրինի միջոցները վերադարձնի պետությանը, նկատել է՝ պետությանը տալու բան չունի:

Հիշեցնենք, դատախազությունը պահանջում է Ղազարյանից և նրան փոխկապակցված չորս անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել Երևանում գտնվող 17 բնակարանները, տարածքները, Այգեստան թաղամասում, Ամիրյան, Խորենացու փողոցներում, Ծաղկաձորում գտնվող հանգստյան գոտին, 6 տրանսպորտային միջոց, 8 ընկերությունում մասնակցության իրավունք, ավելի քան 137 միլիոն դրամ՝ որպես բանկային հաշիվներին առկա դրամական միջոցներ և ավանդներ, 1 միլիարդ 743 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և այլն:

Ընդհանուր՝ ավելի քան 8 միլիարդ դրամ։

592