
Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
«Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»):
Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են», հայտարարել էր Արցախի Ներքին գործերի նախարարությունը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից Civic.am-ին հայտնեցին, որ ճանապարհի ասֆալտապատման առաջին շերտն արդեն իրականացվել է։ Ընթանում է երկրորդ շերտի անցկացման աշխատանքները։ Ապրիլի 1-ից ճանապարհը բաց կլինի երթևեկության համար։ «Ճանապարհը եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի մինչև ամառ։ Ամռանը այն կհանձնվի շահագործման», - նշեցին ՏԿԵ նախարարությունից։