Civic.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանը ՔԿ-ում արյան անալիզ հանձնելուց հրաժարվել է՝ առանց հիմնավորման։ Հարց է ծագում, թե ինչի՞ց է վախենում Սահակյանը, և ի՞նչ կարող էր հայտնաբերվել նրա արյան մեջ, եթե հետազոտվեր։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջև։
Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել էր Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել, որից հետո վերջինս 72 ժամով ձերբակալվել էր, և այնուհետև ազատ արձակվել։ ՔԿ-ում դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Հավելենք, որ Մհեր Սահակյանին որևէ մեղադրանք դեռ չի առաջադրվել: Նրան մեղադրանք առաջադրելու կամ կալանավորելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի համաձայնությունը: