Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը հայտարարել է, որ մայիսի 14-ին լրանում է իր՝ որպես Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի լիազորությունների ժամկետը և չի մասնակցի առաջիկայում կայանալիք ընտրություններին:
Իր ֆեյսբուքյան էջում նա նշել է, որ դիմել էր համալսարանի համահիմնադիրներին (ՀՀ և ՌԴ կառավարություններին)` հայտնելով իր պատրաստակամությունը վերընտրվելու ևս հինգ տարի ժամկետով և հայցելով նրանց աջակցությունը, սակայն նման աջակցություն երկու կողմերից էլ չի ստացել: «Ինձ մնում է Շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր ժամանակների կառավարություններին՝ քսանմեկուկես տարի կառուցողական ակադեմիական աշխատանք կատարելու այս հրաշալի հնարավորության համար: Արդյունքում ունենք զրոյից աճած, օբյեկտիվ չափանիշներով միջազգային վարկանիշներում Հայաստանի ԼԱՎԱԳՈՒՅՆ համալսարան ճանաչված հաստատություն:
Ուրախ, Հպարտ և Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ տեսլականին և միացան ինձ՝ կերտելու մեր հեքիաթային աշխարհը:
Ամենայն հաջողություն եմ մաղթում ներկա և ապագա համալսարանականներին. նրանք այլևս ունեն նշաձող, որին պիտի փորձեն առաջիկայում ևս համապատասխանել:»,- գրել է Արմեն Դարբինյանը: