
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նիստից հետո։
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ եւ շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի եռակողմ համաձայնագրի շրջանակներում, որը ժամանակին ստորագրվել է երեք պետությունների ղեկավարների կողմից։ Հույս ունենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մատվիենկոն։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Սամարղանդում ԱՊՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպել են Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սերգեյ Լավրովը։