Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի պաշտպանական և հետախուզական գերատեսչությունների ղեկավարները երեքշաբթի օրը կհանդիպեն Մոսկվայում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

«Ապրիլի 25-ին Մոսկվայում նախատեսվում է Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի պաշտպանության նախարարության և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպում»,- հայտնում է Anadolu գործակալությունը։

«Մեր նպատակն է լուծել խնդիրները դիվանագիտական ​​ճանապարհով, հնարավորինս արագ ապահովել խաղաղություն և հանգստություն տարածաշրջանում»,- իր հերթին ասել է Աքարը։

Նա նշել է, որ Անկարան դրական արդյունքներ է ակնկալում երեքշաբթի նախատեսված խորհրդակցություններից։ Նախարարը նաև հիշեցրել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների բանակցություններից հետո կողմերը որոշել են Իրանին հրավիրել բանակցային գործընթացի։

Աքարը հավելել է, որ Թուրքիան մտադիր է պայքարել տարածաշրջանում ահաբեկչության  և անօրինական ներգաղթի դեմ և ցանկանում է անվտանգ վերադարձնել Սիրիա իր բնակիչներին, որոնք ապաստան են գտել Թուրքիայում։

 

663